Է. Նալբանդյանը մասնակցել է Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների քննարկմանը

11:02 • 27.09.13

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Նյու Յորք, որտեղ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Արևելյան գործընկերության նախաձեռնության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ժամանակ արծարծվել են Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։


Ինչպես տեղեկացնում է Արտգործնախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ արտգործնախարարի և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են 2014թ. ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթությունները, մտքեր փոխանակվեցին կազմակերպության գործունեության վերաբերյալ։


ՄԱԿ-ի կենտրոնակայանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրել է «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան»։


Նույն օրը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահության շրջանակներում Նյու Յորքում տեղի ունեցավ ՍՏԾՀ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը վարել է կազմակերպությունը նախագահող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ Սևծովյան տնտեսական համագործակցության տնտեսական նոր օրակարգի 2013-2015թթ. Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության և տեսանելիության բարձրացմանը, Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին առնչվող հարցեր։


Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաև ս.թ. հոկտեմբերի 4-ին Երևանում կայանալիք տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով բարձրաստիճան հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Չիլիի արտգործնախարար Ալֆրեդո Մորենոյի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության հաստատումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների հաստատումը։


Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը եղել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։