Կամ պետականություն, կամ Փակ շուկա. բողոքի երթ ի պաշտպանություն Փակ շուկայի (տեսանյութ)

17:19 • 27.09.13

Նախախորհրդարանի անդամների ու մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ Մաշտոցի պուրակից քիչ առաջ մեկնարկեց երթ՝ ի նշան Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինի շինարարության դեմ բողոքի: Նախախորհրդարանի անդամներից դիրիժոր Վարդան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Կամ պետություն, կամ ծածկած շուկա»:

Ասվածը Վարդան Հակոբյանը բացատրեց այսպես. որ եթե շուկան, ի վերջո, սուպերմարկետ դարձած բացվի, նշանակում է Հայաստանում չկա պետականություն: Վերջինիս խոսքով՝ իրականում շուկան որպես սուպերմարկետ վերաբացելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա, և այն ինչ կատարվում է՝ պարզ անօրինականություն է:

Վարդան Հակոբյանը հույս հայտնեց, որ շուկան այդպես էլ չի բացվի որպես սուպերմարկետ, քանի որ որևէ մեկը այդ փաստաթղթի տակ չի ստորագրի:

19.30

_____________________________________________________________________________________________

«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները երթով գնացին ողջունելու Հանրապետության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին, քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստներին, հետո երթով գնացին դեպի Փակ շուկա, որտեղ նրանց դիմավորեցին շուկան վերաբացելու կողմնակից քաղաքացիները: 

 

Փակ շուկայի դիմաց միաժամանակ երկու ճակատում բողոքողները մինյանց դիմավորեցին բարձրագոչ հայտարարություններով: Նախաձեռնության անդամները շուկան վերափոխելու վերաբերյալ իրենց հայտարարություններն էին անում, իսկ դիմացից բացականչում էին. «Բացում, բացում, հեռացեք, հեռացեք…»:

 

«Բացում» վանկարկողները շարունակ պնդում էին, որ իրենք շուկային հարակից շենքերի բնակիչներ են, ուզում են, որ շուկան բացվի, իրենց այնտեղ աշխատանք են խոստացել:


«Կռիսանոցը, կեղտանոցը, գարշահոտը վերացրել ա Սամվել Ալեքսանյանը, մեզ ամեն ինչ էլ խոստացել ա, մենք էստեղ աշխատելու ենք»,-ասում էին նրան: 

 

Իսկ մյուս ճակատում քաղաքացիական ակտիվիստները շարունակ հայտարարում են, որ այն, ինչ տեղի է ունենում պատմամշակութային կոթող հանդիսացող Փակ շուկայում, անթույլատրելի է:


Բողոքի ակցիայի ժամանկ շուկայի բացման կողմնակիցները բարձր աղմկում էին, իսկ ակտիվիստները՝ երգում: