Սաակաշվիլին խորհուրդ է տալիս ուկրաինացիներին հրաժարվել ռուսերենից

15:10 • 27.09.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհուրդ է տվել Ուկրաինային չենթարկվել «ռուսական աշխարհի» սադրանքին, գրում է segodnya.ua-ն։

 

Վրացի երիտասարդներն ընտրում են անգլերենը՝ իրատեսորեն նայելով Վրաստանի ապագային, այդ մասին ասել է նախագահն «Україна молода» պարբերականին տված հարցազրույցում։

 

«Եթե երբևէ ռուսաց լեզուն դառնա միջազգային շփման լեզու բոլոր եվրոպական ազգերի, չինացիների, կորեացիների, հնդիկների համար, ապա վրացիները ստիպված կլինեն սովորել այն։ Սակայն հիմա այն դեռևս տեղական նշանակության լեզու է»,- ասել է Սաակաշվիլն։

 

Պատասխանելով Ուկրաինայում երկլեզվի խնդրի մասին հարցին՝ Վրաստանի նախագահը խորհուրդ է տվել չենթարկվել սադրանքներին։

«Դա պարզապես Ձեր այսօրվա ընտրությունը չէ, սա Ձեր ապագայի ընտրությունն է։ Սակայն ես գիտեմ, որ ինչ-որ մեկը փորձում է լեզվի հարցի շուրջ վեճեր առաջացնել ուկրաինացի ժողովրդի շրջանում, մասնատել այն։ Համոզել նրանց, ովքեր խոսում են ռուսերեն, որ նրանք ռուս են։ Սակայն մենք շատ լավ գիտենք, թե ով է դրա ետևում կանգնած»,- ընդգծել է Սաակաշվիլին։

 

Նախագահը լավատեսորեն է նայում Ուկրաինայի ապագային, և կարծում է, որ երկիրն ունի ամեն ինչ դեպի լավը փոխելու հնարավորություն։ «Ես կարծում եմ, որ Ուկրաինան բավականին արագ կդառնա եվրոպական հասարակության լիիրավ անդամ, միգուցե շատ ավելի արագ, քան դուք հույս ունեք։ Չէ՞ որ Եվրոպան առանց Ուկրաինայի, առանց ուկրաինական պոտենցիալի երբեք չի կարող դառնալ ինքնաբավ»,- վստահ է Վրաստանի նախագահը։