Ստալինին «մերժեցին» Վրաստանում. նրա արձանը Գորիում չի վերականգնվի
Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել Գորիում վերականգնել Ստալինի արձանը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին լիտվական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Հուլիսի կեսերին վրացական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ստալինի արձանը, որն ապամոնտաժվել էր 2010թ.-ին՝ Վրաստանի իշխանությունների որոշմամբ, վերականգնվելու է նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին, սակայն ոչ թե կենտրոնական հրապարակում, այլ Ստալինի տուն-թանգարանում։
«Տեղեկությունն այն մասին, որ Ստալինի ծննդյան օրը վերականգնվելու է նրան նվիրված հուշարձանը, իրականությանը չի համապատասխանում, և դա տեղի չի ունենա։ Վրաստանի կառավարությունը դա չի անի, դա ծիծաղելի է»,-ասել է նախարարը։
Գարիբաշվիլիի խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող վերականգնել հուշարձանը, դրա համար անհրաժեշտ է կենտրոնական իշխանությունների համաձայնությունը։










