Սիրիան բավականաչափ ռազմական հզորություն ունի Իսրայելի ցանկացած ագրեսիային պատասխանելու համար. Բաշար ալ-Ասադ
Սիրիան դեռևս բավականաչափ ռազմական հզորություն ունի Իսրայելի ցանկացած հնարավոր ագրեսիային պատասխանելու համար։ Ինչպես հայտնում է Russia Today-ը, այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լիբանանյան «Ալ-Ախբար» պարբերականին տված հարցազրույցում։
«1980-ականներին մենք քիմիական զենք էինք արտադրում, որպեսզի փոքր-ինչ կարողանանք դիմակայել Իսրայելի միջուկային զինապահեստներին։ Սակայն այսօր արդեն այն զսպող ուժ չի հանդիսանում։ Մենք ունենք շատ ավելի ժամանակակից և բարդ զենքեր», -ասել է Սիրիայի առաջնորդը։
Ասադի կարծիքով՝ ԱՄՆ-ն փորձում է փոխել Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունն ու աջակցել Իսրայելին՝ զրկելով Սիրիային քիմիական զենքից։
Ասադը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կաջակցի Սիրիային՝ ռազմական ագրեսիայի դեպքում։ Նա կարծում է, որ անգամ քիմիական զենքի վերացումից հետո հնարավորություն կա, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել երկրի դեմ։
Բաշար ալ-Ասադը նաև նշել է, որ քիմիական զենքն իր երկրի համար ծանր բեռ է։ «Դրա ոչնչացումը շատ թանկ է և կտևի մի քանի տարի։ Այն էկոլոգիական սպառնալիք է, և մի շարք այլ խնդիրներ կառաջանան, որոնք պետք է լուծել։ Թող նրանք (ՄԱԿ-ի փորձագետները) գան և վերցնեն այն»,-ասել է նա։
Ավելի վաղ սիրիացի առաջնորդը հայտարարել էր, որ ընդդիմության զինյալները փորձում են խանգարել ՄԱԿ-ի փորձագետների աշխատանքին։ Նա նաև հավաստիացրել էր, որ Սիրիայի քիմիական զենքի ողջ պաշարը խիստ հսկողության տակ է։










