Խորհրդարանական դիվանագիտության ձևաչափով փակ հանդիպումներ ՌԴ, ԱՄՆ և ԵՄ դեսպանների հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների ու Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամները վերջին երեք օրերի ընթացքում երեք փակ հանդիպումներ են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Ի պատասխան հարցի, թե ի՞նչ միտումներ ունեն այս փակ հանդիպումները, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը Tert.am-ին ասաց. «Ընդհանրապես, որևէ ձևաչափով հանդիպումների անցկացումը ողջունելի է, և գոյություն ունեն և՛ բաց լսումներ, և՛ փակ լսումներ, պառլամենտական երևույթներ.. տարբեր պառլամենտներ ունեն իրենց մեխանիզմները, և քանի որ հիմա Հայաստանը գտնվում է շատ ակտիվ արտաքին քաղաքականության վեկտորների քննարկումների փուլում՝ եվրոպական ինտեգրում, Մաքսային միություն, Ասոցացման համաձայնագրի հնարավոր շարունակություններ… տարածաշրջանում տեղի են ունենում տարաբնույթ գործողություններ, ապա հենց էդ իմաստով սեպտեմբերը սկսվել է ակտիվ»։
Թևան Պողոսյանը հավելեց, որ ոչ միայն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և դեսպանների հետ են նման հանդիպումներ անցկացվում, այլև շատուշատ ոլորտներում, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության հետ:
Ի պատասխան հարցի, թե ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ հանդիպումներում քննարկվե՞լ են Մաքսային միությանը և ԵՄ ասոցացման, այսպես կոչված, «շարունակությանը» վերաբերող հարցեր, Թևան Պողոսյանը նկատեց, որ հանդիպումները փակ են, հետևաբար, առանց «հղումների»:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ, ի պատասխան հարցի, թե դեսպան Տրայան Հրիսթեայի հետ հանդիպումն ինչո՞ւ էր փակ, նկատեց, որ «երկկողմանի այդպես որոշվեց»՝ նկատի ունենալով, որ քննարկումը բավականին անկեղծ է լինելու:
«Բաց, սուր հարցադրումներ հնչեցին, և դեսպանն ինքը բավականին բաց երկխոսության պատրաստ էր: Ես ինքս՝ որպես ԱԺ պատգամավոր և նախկին լրագրող, խնդիր չեմ տեսնում, ինձ համար ընդունելի էր նաև բաց նիստի տարբերակը, սակայն դեսպանի, ինչպես նաև պատգամավորների գերակշիռ մասի կարծիքով՝ նպատակահարմար էր փակ ֆորմատի քննարկումը: Բավականին արդյունավետ հանդիպում էր, ես պիտի ասեմ, շատ հարցերի պատասխաններ, որոնք մինչ այժմ կոնկրետ ինձ համար պարզ չէին, ես ստացա»:
Ի պատասխան հարցի, թե հանդիպումից հետո կարո՞ղ է ասել, որ ԵՄ-ի հետ Հայաստանը որևէ համաձայնագիր կկնքի, որում կմնա «Ասոցացում » բառը, ինչը շատուշատ քաղաքագետների գնահատմամբ սկզբունքային է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այն, ինչ բանակցվել է չորս տարի, դա հնարավոր չէ ստորագրել, այսինքն՝ բանակցած փաստաթղթից հանել ԽՀԱԱՏ-ը և ստորագրել միայն Ասոցացումը անհնար է, բայց ԵՄ-ն ներկայացնող կողմը պատրաստ է աշխատել նոր փաստաթղթի վրա, ինչի մասին հայտարարել էր նաև Շտեֆան Ֆյուլեի խոսնակը: Եվ ԵՄ կողմից կա հստակ պատրաստակամություն՝ աշխատելու այդ փաստաթղթի վրա»:
Նշենք, որ այս իրադարձությունների հետ մեկտեղ ԱԺ-ում ներքին խմորումներ կան՝ կապված խորհրդարանում «արտաքին քաղաքականության կուրատորության» հետ:
Օրինակ՝ այսօր «Չորրորդ իշխանությունը» տեղեկացրել էր, որ երեկ բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել ԱԺ «Հանրապետական» խմբակցությունում, որի առիթը եղել է ԱԺ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի օրինագիծը, սակայն, ըստ օրաթերթի՝« օրենքի գաղափարն ու դրա իրական «տերը» հանդիսանում է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։
Բանն այն է, որ նախագծի փոփոխությամբ նախատեսվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովին լիազորություն տալ, որ «օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների և/կամ/ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ մինչև նշանակման երկիր մեկնելը կազմակերպի հանդիպում հանձնաժողովի անդամների հետ...»։
Թևան Պողոսյանը այս հրապարակումը որակելով «թյուրիմացության աստիճանի հասնող պրիմիտիվ վերլուծություն», ավելացրեց. «Ես նախաձեռնություն եմ արել, որը համարում եմ շատ անհրաժեշտ, որ կարողանանք ԱԺ-ում նորմալ աշխատանքային հարաբերություններ հաստատենք , քանի որ հենց այս հանձնաժողովն է այս ոլորտում աշխատում: Մենք ունենք բարեկամական խմբեր, և դրա հետ միասին ողջ աշխարհով մեկ զարգանում է խորհրդարանական դիվանագիտությունը, և ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ, այդ բոլոր դրականի մեջ փորձում այլ բաներ փնտրել»:
«Ժառանգության» պատգամավորը կրկին ընդգծեց, որ իր օրենսդրական նախաձեռնությունները իր մտահղացումներն են և հիշեցրեց, որ մինչև ԱԺ գնալը երկար տարիներ աշխատել է որպես «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն և լավ է պատկերացնում առկա բացերը:
Թևան Պողոսյանը նաև նկատեց, որ եթե ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ ներքին խնդիրներ վերագրել իրեն, ապա ավելացրեց, որ. «Դա ինձ չի վերաբերում, ոչ էլ որևէ մեկին: Իմ նախաձեռնությանը կառավարությունը դրական եզրակացություն է տվել։ Դրանից հետո ի՞նչ իշխանական ներքին «ռազբորկաների» խնդիր է, ես դա չեմ հասկանում, այսինքն՝ իրենք իրենցից տեղյակ չե՞ն թե ինչ են քննարկում»:










