ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

09:56 • 28.09.13

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին տեղեկացնում է osce.org-ը։

 

Համանախագահներն ու արտգործնախարարները շարունակել են խաղաղության գործընթացի շուրջ քննարկումները։ Համանախագահները ևս մեկ անգամ շեշտել են, որ իրենց կողմից ներկայացվող 3 երկրներն էլ պատրաստակամ են աջակցելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծմանը, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքների վրա։

 

Նրանք նաև անդրադարձել են ընթացիկ տարվա հունիսի 18-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահների արած հայտարարությանը, որը հակամարտող կողմերին հատուկ կոչ է արել զերծ մնալ հռետորաբանությունից և այնպիսի գործողություններից, որոնք լարվածություն կառաջացնեն տարածաշրջանում ու կհանգեցնեն հակամարտության զարգացմանը։

 

Արտգործնախարարներն իրենց հերթին ևս մեկ անգամ հայտնել են Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցելու ու հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու հարցում իրենց պատրաստակամությունը։

 

Նախատեսվում է, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն նոյեմբերին՝ երկու երկրների նախագահների հետ քննարկելու տարեվերջին ծրագրված հանդիպումը։