Ես երբեք ներողություն չեմ խնդրի այն բանի համար, որ մենք չենք «պառկել» զավթիչի տակ. Սաակաշվիլի

09:49 • 28.09.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքից «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել երկրի նոր իշխանություններին զգույշ լինել 2008թ. պատերազմին տրվող գնահատականներում, հայտնում է gazeta.ru-ն:

 

«Երբ մենք երկրի ներսում վիճում ենք, դա ժողովրդավարական նորմալ գործընթաց է, սակայն կան թեմաներ, որոնք մենք չպետք է շոշափենք: Մենք պետք է շատ զգույշ լինենք: Եթե մենք մշտապես սկսենք կրկնել, այդ թվում` արևմտյան մամուլին, որ պատերազմը Վրաստանի մեղքով էր, որ մենք չպետք է պատասխան կրակ բացեինք, որ Վրաստանը փոքր երկիր է, դա անհասկանալի է»,-ասել է նա:

 

Նախագահը նշել է նաև, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից հետո շատ շնորհակալական խոսքեր է ստանում, այդ թվում` Ռուսաստանից:

«Վրաստանին են երախտագիտություն հայտնում, այլ ոչ նախագահին: Սա մեծ համատեղ պայքար է, և երբ այդ ֆոնին հայտարարում ես, թե Վրաստանը փոքր երկիր է, որ մենք չպետք է ունենանք տարածաշրջանային և համաշխարհային հավակնություններ… Մենք ունենք համաշխարհային հավակնություններ, և դրա համար մեզ Պուտինը պատժում է»,-ասել է Վրաստանի նախագահը:

 

«Երբ ինձ հարցնում եք, թե ինչի համար եմ ես ներողություն խնդրել ՄԱԿ-ում, ապա նրա համար, որ շատերը դեռ ապրում են աղքատության մեջ, ես ներողություն եմ խնդրել նրանցից, սակայն երբեք չեմ խնդրի այն բանի համար, որ չենք պառկել զավթիչի տակ (ի նկատի ունենալով Ռուսաստանին)»,-հավելել է նա:

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ամբիոնից նրա ելույթի ժամանակ ռուսական պատվիրակությունը լքել էր դահլիճը: