Սերբիայում երրորդ տարին անընդմեջ արգելել են գեյ-շքերթի անցկացումը

14:48 • 28.09.13

Սերբիայի կառավարությունը երրորդ տարին անընդմեջ արգելել է գեյ-շքերթի անցկացումը` որպես պատճառ նշելով աջակողմյան խուլիգանների կողմից բռնության վտանգը, գրում է france24.com-ը:

 

Երկրի վարչապետ Իվիցա Դաչիչը հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ շաբաթ օրը նախատեսված իրադարձության արգելքը կապված է հասարակական անվտանգության պահպանման հետ: 2010 թվականին անցկացված վերջին գեյ-շքերթը մայրաքաղաք Բելգրադում մեկ օր տևած ընդվզումների և ազգայնականների կողմից հրդեհումների պատճառ էր դարձել:

 

Դաչիչն ասել է, որ երկար քննարկումներից հետո եկել են այն եզրահանգման, որ հասարակական անվտանգության լուրջ սպառնալիքներ կան: Նրա խոսքով՝ դա չի նշանակում, թե իրենք հանձնվել են խուլիգաններին: