Բոլոր երկրները պետք է պատասխանատու լինեն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի հարցում. Սիրիա

11:18 • 28.09.13

Սիրիայի քիմիական զենքի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի համաձայն` պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն սիրիացիները, այլև այն երկրները, որոնք օգնում են սիրիական ընդդիմությանը: Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

 

«Բոլոր երկրները պետք է հետևեն այս բանաձևին, ներառյալ` Սիրիայի հարևան երկրները, որոնք ապաստան են տրամադրում և օգնում ահաբեկիչներին»,-ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից հետո: 

 

Ըստ նրա` այս կերպ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները «պատասխանատվություն են կրում այս բանաձևի համար»:

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լույս սեպտեմբերի 28-ին ընդունել է սիրիական քիմիական զենքը ոչնչացնել պարտադրող բանաձևը:

Փաստաթղթին միաձայն աջակցել են ԱԽ-ի բոլոր 15 անդամները:

Բանաձևը Սիրիայի իշխանություններին խիստ հետևանքներով է սպառնում, եթե նրանք չկատարեն բանաձևի պահանջները, սակայն այն չի նախատեսում արտաքին ռազմական միջամտություն: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն լրացուցիչ բանաձև ընդունի: