Կապանում 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում. «Ժառանգության» թեկնածու

14:41 • 29.09.13

Լուսանկարը՝  aravot.am-ի


Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում այսօր ընթացող ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ դիմել է ոստիկանություն: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց թեկնածուն, առավոտից Կապանի գիշերօթիկ դպրոցի տարածքում գումար են բաժանում:


«Ես հիմա ոստիկանության մեքենայից իջա, ոստիկանների հետ էի, ինձ արդեն մի քանի դեպքերի մասին տեղեկություններ են հասել, ընտրողները եկել են մեր շտաբ բողոքի, որ փող են բաժանում գիշերօթիկ դպրոցում տեղակայված ընտրատեղամասի տարածքում, բարևում են, 5000 դրամանոցը դնում ձեռքին, դրանք էլ դնում են գրպաններն ու գնում ընտրելու: Ոստիկաններին բերել եմ, թող իրենց աչքով տեսնեն»,- ասաց Սամվել Հայրապետյանը և ավելացրեց. «Էս ա մեր ոստիկանությունը, էս ա իրենց արած գործը»:


Գումար բաժանողներին ինքն անձամբ չի ճանաչում, բայց վստահ է, որ իր հետ ընտրապայքարի մեջ մտած ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Կարապետյանի մերձավորներից են:


Սամվել Հայրապետյանը նաև ասաց, որ երեկ, երեկոյան ժամը 22-ից հետո տարբեր անձինք մտել են շենքերի մուտքերը, հերթով դռները ծեծել ու գումար են բաժանել. «Ու ոչ մեկն իրենց առաջը չի կտրել, ես էլ, որ ասում եմ, ասում են՝ փաստեր բերեք: Մի քանի օր առաջ ոչխարներ էին մորթել, քեֆեր էին արել, տարբեր տեղերում սեղաններ էին գցել ժողովրդի համար»:


Ոստիկանության մասին Սամվել Հայրապետյանը նշեց, որ հույս չունի, որ այդ կեղծիքների համար վերջինս ինչ-որ մեկին կձերբակալի: «Բանավոր դիմել եմ ոստիկանությանը, ասել եմ՝ կգրեք նաև, թե դուք ինչի համար եք էդ համազգեստը հագնում: Հավատս չի գալիս, որ իրենք մեկին կբռնեն, որովհետև դրա վերևում կանգնած է Մաքսիմ Հակոբյանը, որի դեմ չեն կարող ոչ մի գործողություն անել, ես հույս չունեմ, որ ոստիկանը որևէ մեկին կբռնի, գործ կհարուցի»,- ասաց թեկնածուն:


Ընտրությունների ընթացքի վերաբերյալ մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով այժմ Քաջարանում է գտնվում, ասաց, որ տեղամասերում հանգիստ վիճակ է, բայց վարչական ռեսուրս է կիրառվում։ «Տեղի է ունենում այն, ինչը մինչ այսօր հայտարարել ենք, ադմինիստրատիվ ռեսուրսն է օգտագործվում, ուղղորդված մարդկանց բերում են ընտրության»,- ասաց նա: