Ռուսաստանն անում է հնարավորը ԵՄ-ի և Մոլդովայի միջև համաձայնագրի ստորագրում թույլ չտալու համար. The Washington Post

09:25 • 30.09.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անել հնարավորը՝ Մոլդովայի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրում թույլ չտալու համար, գրում է The Washington Post-ը:

 

Ըստ թերթի` Մոլդովայի Հանրապետությունը, որը հայտնի էր որպես «օրգանների ու մարդկանց առքուվաճառքի շուկա», վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել: Այժմ Մոլդովայում գերիշխում են լիբերալ ժողովրդավարությունն ու աճող տնտեսությունը, ինչը տանում է դեպի համաձայնագրի ստորագրում Եվրոպական միության հետ:

 

«Կարելի է կարծել, թե Ռուսաստանը կարող է ուրախանալ սնանկի կարգավիճակից իր մոտ հարևանի դուրս գալով: Սակայն փոխարենը Վլադիմիր Պուտինը կատաղած է և անում է ամեն հնարավորը, որպեսզի սաբոտաժի ենթարկի ԵՄ-ի ու Մոլդովայի միջև համաձայնագիրը»,- նշվում է անդրադարձում:

 

Ռուսաստանն արգելել է մոլդովական գինու ներմուծումը, սպառնում է դադարեցնել գազ մատակարարել, մոլդովացի արտագնա աշխատողները ձերբակալվել և արտաքսվել են:

 

Թերթը նշում է նաև, որ Վրաստանը, Հայաստանը և Ուկրաինան նույնպես «տառապում են Պուտինի ծաղրուծանակից»:
Նշվում է, որ Ռուսաստանի նպատակը ԵՄ այդ երկրների մուտքն արգելափակելն է, որպեսզի նրանք ընդգրկվեն Մաքսային միության կազմում` ԵՄ-ի պոտենցիալ մրցակցի: Ըստ հրատարակության` դա Պուտինին կօգնի «Խորհրդային Միության նման ինչ-որ բան վերստեղծել»: