Ուսուցիչը պետք է վաստակի և՛ ծաղիկ ստանալու, և՛ ապտակելու իրավունքը. Անահիտ Բախշյան

13:20 • 05.10.13

Ուսուցիչը մարդ է, ով պետք է վաստակի թե՛ ծաղիկ ստանալու և թե՛ ապտակելու իրավունքը, այսօր Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց Կրթության և գիտության նախարարության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, վաստակաշատ ուսուցիչ, «ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

 

«Ազնիվ խոսք, երեխաներ են եղել, որ մի լավ տվել եմ … »,- ասաց տիկին Բախշյանը, ով բավականին անկեղծացավ և պատմեց, որ երբ 1972թ. որպես ֆիզիկայի ուսուցչուհի մտել է դպրոց և լինելով ներքուստ ժողովրդավար մարդ, սկզբում աշակերտներին առաջարկել է ազատ լինել, հընթացս հասկացել է, որ աշակերտները «նստում են իր գլխին», և ահա, հաջորդ սեպտեմբերի 1-ին արդեն դպրոց է մտել «փայտը ձեռքին»:

 

Իսկ դպրոց մտել է ամուսնու՝ ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի և սկեսրոջ համառ պնդումների և իր դիմադրության արդյունքում:

 

Անահիտ Բախշյանը, ով այսօր հրավիրված է իր նախկին աշակերտուհու հարսանիքին, ուսուցչի իր հիմնական առաքելությունը տեսնում է աշակերտի ընկերը լինելու մեջ:

 

«Եթե դու աշակերտի ընկերը չես, ինչքան էլ լավ մաթեմատիկայի ուսուցիչ լինես, բայց ընկեր չլինես, չես կարող լավ ուսուցիչ լինել»,- ասաց Անահիտ Բախշյանը, ով չի սիրել իր ֆիզիկայի ուսուցչին, բայց շատ սիրել է դասղեկին, որի «տված լույսն էլ» բաժանել է մանկավարժ աշխատելու տարիներին:

 

«Էդպես է՝ ուսուցիչը բոլոր ժամանակներում հարգվել ու գնահատվել է միայն երեխաների բարի խոսքերում»,- ասաց նա։

 

Անահիտ Բախշյանը մի պատմություն էլ պատմեց իր նախկին աշակերտներից՝ 8–րդ դասարանցի՝ «Մաֆ մականունով Արթուր Պետրոսյանի մասին, ով երկու վերաքննություններ է ունեցել, Անահիտ Բախշյանի աչքին շատ շնորհալի է երևացել: Հիմա նա դերասան է, և օրերս նրա նախկին ուսուցչուհին նրանով հպարտանալու առիթ է ունեցել՝ գնալով նրա ներկայացմանը:

 

Եվ երբ երկու վերաքննություն նշանակած պատմության ուսուցչուհին դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանին ընտրության առաջ է դրել («կա՛մ ես, կա՛մ Արթուրը) Անահիտ Բախշյանն ասել է.« Արթուրը կա, Դուք մտածե՛ք՝ կլինե՞ք, թե չե՞ք լինի», և հիմա Արթուր պայծառ , լուսավոր մի մարդ է, իսկ «Իսկ էդ ուսուցչուհին այ տենց հոտած էլ մնացել է»:


Իր մանկավարժական գործունեության ընթացքում Անահիտ Բախշյանն իրականցրել է չորս ծրագիր, որոնք այսօր դարձել են հանրակրթական պետական ծրագրեր: Այն է՝ քաղաքացիական կրթություն, քրիստոնեական կրթություն, ներառական կրթություն և մասնագիտական ուղղվածության կրթության:

 

Այսօր հանրակրթության մեջ կիրառվող այդ չորս ծրագրերից ո՞րն է հաջողված, ո՞րը՝ ոչ: Անահիտ Բախշյանի կարծիքով՝ հիմնական թերությունը դրանց համադրումն է ու զուգադրումն է:

 

«Ամեն ինչ կիսատ–պռատ ենք արել, քաղաքացիական կրթությունը սկսեց շատ լավ հետո ձևափոխվեց դարձավ «Հասարակագիտություն», ինչի մեջ մտան բազմաթիվ բաղադրիչներ հոգեբանություն, արվեստ, ամեն ինչ և մի ուսուցիչ ունենք: Ասում ենք՝ «դու մտի՛ր, այսօր խոսիր իրավունքից, վաղը՝ արվեստից, չորրորդ օրը՝ հոգեբանությունից։ Բայց այդպիսի ուսուցիչ չեն պատրաստում … »,- իրավիճակը նկարագրեց ԿԳ Ազգային ինստիտուտի փոխտնօրենը: