Պոլիտկովսկայայի մրցանակին է արժանացել թալիբների կողմից վիրավորված աղջիկը
Պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, որն անցած տարվա հոկտեմբերին վիրավորվել էր գլխի շրջանում «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից, արժանացել է ռուս լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակի Լոնդոնում մրցանակաբաշխության արարողության ժամանակ, հաղորդում է ria.ru-ն:
RAW in War միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից ստեղծված Պոլիտկովսկայայի անվան մրցանակը շնորհվում է կանանց, որոնք աշխատում են հակամարտության գոտիներում: Անցած տարի Պոլիտկովսկայայի անվան մրցանակը հետմահու շնորհվել էր լրագրող Մարի Կոլվինին, որը մահացել էր սիրիական Հոմս քաղաքի ռմբակոծման ժամանակ:
Մալալան հաղթող է ճանաչվել «քաջության համար՝ խոսել այն ժամանակ, երբ մյուսները չեն համարձակվում, և ուժի՝ արտահայտվել շատ կանանց և աղջիկների անունից, որոնց ձայները լսելի չեն»:
Սեպտեմբերի վերջին Հարվարդի համալսարանը նրան է շնորհել «Տարվա մարդասեր» կոչումը: Յուսուֆզայը նաև Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդ է:










