Ավտոմեքենաներ և համակարգիչ՝ լավագույն ուսուցչին, դաստիարակին և տնօրենին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, որի ժամանակ մի խումբ ուսուցիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով, իսկ տարվա լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենաներով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով: Մրցանակները վերջիններիս հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով հանրապետության բոլոր մանկավարժներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այսօր աշխարհում ամենակարևոր մասնագիտությունը համարվում է ուսուցչի մասնագիտությունը, քանի որ նրանք են կերտում պետությունների ապագան:
«Հաշվի առնելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները՝ ուսուցչի աշխատանքն ավելի ու ավելի է կարևորվում: Ես Չինաստանի Դալիան քաղաքում մասնակցում էի ամառային Դավոսի աշխատանքներին, որին ներկա էին նաև տարբեր երկրների վարչապետեր. օրակարգային հարցը հետևյալն էր. որոնք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները և ինչ պետք է անեն պետությունների կառավարությունները, որպեսզի հաղթահարեն համաշխարհային տնտեսական ճգնաժամը և ապահովեն բարգավաճ զարգացում»,– ասել է նա:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ եզրահանգումը հետևյալն է եղել. մարտահրավերներին դիմագրավելու համար առաջին հերթին պետք է բարելավել կրթական համակարգը և ուշադրություն դարձնել միջնակարգ կրթությանը:
«Կարող ենք ասել, որ հենց այդ ասպարեզում է այսօր լուծվում հիմնարար խնդիրները, որոնք միտված են դեպի ապագան: Դուք պետք է պատրաստեք մի սերունդ, որն ապրելու է արագ փոփոխվող աշխարհում, ուստի մեր երիտասարդները պետք է պատրաստ լինեն ժամանակակից աշխարհի արագ փոփոխվող մարտահրավերներին»,– ասել է նա:
ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ մանկավարժների խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և ստանալու են առաջնահերթ լուծումներ:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն ուսուցչի տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում և կրթության և մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ մանկավարժների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:










