Սյունիքի արոտավայրերը վարձակալության չեն տրվի Իրանին. Վաչե Տերտերյան
Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգին վարձակալության չեն տրվի: Այսօր Ջերմուկում կայացած ճեպազրույցի ժամանակ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հավաստեց, որ հարցը փակված է:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, թե քննարկվում է Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության ոլորտին առնչվող ինչ–որ համաձայնագիր, որով նախատեսվում է Սյունիքի մարզի 50 000 հա արոտավայր վարձակալությամբ (մեկ հա-ը՝ $25-ով) տրամադրել Իրանի Արևելյան Ադրբեջան (Արևելյան Ատրպատական) նահանգին 5-10 տարի ժամկետով։
Բազմաթիվ բնապահպաններ ու քաղաքական գործիչներ դեմ արտահայտեցին դրան, անգամ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին տեղում:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ գյուղնախարարությունը դեմ էր արտահայտվել որևէ արոտավայր օտարերկրյա գյուղատնտեսներին վարձակալության հանձնելուն:
Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ասել էր. «Մենք այն կարծիքին ենք, որ ավելի նպատակահարմար է Սյունիքի մարզում կազմակերպել ոչխարների բուծումը տեղի գյուղացիների կողմից և տարեկան 50 հազ. գլուխ վաճառել իրանցիներին»:










