«Ես գնում եմ դիմավորելու Զարուհի Փոստանջյանին». պատգամավորին կդիմավորեն «բարոյապես» և ֆիզիկապես

18:21 • 05.10.13

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Ես գնում եմ դիմավորելու» Զարուհի Փոստանջյանին «իրադարձություն», որն այսօր օրվա երկրորդ կեսի դրությամբ ուներ 210 մասնակից:


Նախաձեռնությանը միացել են գրող Վիոլետ Գրիգորյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ,Նախախորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը, «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը, հասարակական գործիչ Դանիել Իոնիսյանը, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, լրագրողներ Վահան Իշխանյանը և Հարություն Մկրտչյանը, «Էություն» միաբանության նախագահ Ալեքսանդր Վարպետյանը, պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը և այլք:


Tert.am -ի հետ զրույցում Վիոլետ Գրիգորյանն ասաց, որ ի պաշտպանություն Ստրասբուրգում խաղատան մասին ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանին հարց տված Զարուհի փոստանջյանի նախաձեռնությանը միանում է ոչ ֆիզիկապես, այլ բարոյապես, քանի որ այսօր մեկնում է Մեծ Բրիտանիա և ստիպված է հավաքել ճամպրուկները:


«Ես միանում եմ բարոյապես, քանի որ հարձակումները հեչ տեղին չեմ համարում: Ավելին՝ կարծում եմ, որ Զարուհին որպես կին ունի պաշտպանության կարիք և նրան վիրավորում են որպես կին ու վերջին հայհոյանքն են տալիս»,– ասաց Վիոլետ Գրիգորյանը։


Նա հստակեցրեց, որ նկատի ունի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Զարուհի Փոստանջյանի հասցեին վիրավորական արտահայտությունը՝ «սուննաթված թուրքի» մասին:


«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ ասաց, որ ինքը «Զվարթնոց» օդակայանում ներկա է լինելու ֆիզիկապես: «Պատկերացրեք այն կնոջը վիճակը, որի վրա մի «խուրձ» մարդիկ ձվեր ու պոմիդոր են նետում կամ հայհոհյում են: Դա ի՞նչ վերաբերունք է»,- Tert.am –ին ասաց Արամ Կարապետյանը:


Հիշեցնենք, որ երբ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ երիտթևը պատրաստվում է ձվերով ու լոլիկներով դիմավորել Ստրասբուրգից Երևան վերադարձող Զարուհի Փոստանջյանին, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը Tert.am–ի հետ զրույցում ասել էր, որ նախագահի գրասենյակը սխալ է համարում որևէ նման ակցիա կազմակերպելը և կոչ է անում ձեռնպահ մնալ յուրաքանչյուր նման նախաձեռնությունից։


«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»,- ասել էր Արման Սաղաթելյանը:


Ի պատասխան, որ այնուամենայնիվ, ՀՀԿ երիտթևը և ձաղկելու տրամադրություն ունեցող մյուս մարդկանց կոչ է արվել զերծ մնալ, Արամ Կարապետյանն ասաց.«Դա ի՞նչ կապ ունի, թող սկզբից մտածեին, դա ինչ քարանձավային մտածելակերպ է, որ քաղաքական հարցին սապոգով պատասխան են տալիս: Ոչ նայում են՝ ով է դիմացը կանգնած. մայր կին, չորս երեխայի մայր … Ու այդ կինը մեզ բոլորիս համար ժամը երեքին եկել է մեկուսարան (մարտիմեկյան դեպքերին – Tert.am):


Tert.am–ի հետ զրույցում «Ես գնում եմ դիմավորելու Զարուհի Փոստանջյանին խմբին միացած «ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը ի պատասխան հարցի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը դիմավորելո՞ւ է Զարուհի Փոստանջյանին, ասաց, որ չի կարող ասել, բայց նշեց, որ «ժառանգության» անդամներով գնալու են դիմավորելու իրենց գործընկերուհուն:


«Մենք գնալու էինք, բայց զուգահեռ սենց նախաձեռnություն եղավ ու էլի ինչ-որ մարդիկ»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակը և մանրամասնեց, որ «մենք» ասելով նկատի ունի կուսակցության երիտթևին, վարչության մի շարք անդամների, բայց դժվարացավ անուն առ անուն նշել։ «Ներկա բացակա չենք անում»,– ասաց նա:


Հովսեփ Խուրշուդյանը ուղղորդված համարեց խոսակցությունները, թե «Ժառանգության» ներսում էլ համակարծիք չեն, թե ճիշտ էր արդյոք, որ Զարուհի Փոստանջյանն այդ հարցը նախագհի ուղղեց այդ հարթակից, և ոմանք չեն արդարացնում Զարուհի Փոստանջյանին:


Ի պատասխան հարցի, թե չկա՞ն «Ժառանգությունում» մարդիկ, որոնք կարծում են, որ պետք չէր ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին այդ հարցը տալ, մամուլի խոսնակն ասաց.«Այսինքն ԵԽԽՎ-ն մեզ համար թշնամական ճամբա՞ր է … Ի՞նչ է նշանակում կեղտոտ սպիտակեղեն, դրա նախադրյալները ստեղծվել են, երբ այս իշխանությունները միացել են այդ կառույցին և կիսել են այդ արժեքները: Եթե չեն ուզում, թող հիմա դուրս գան ԵԽԽՎ-ից, որ տենց խնդիր չլինի»:


Մյուս կողմից էլ Հովսեփ խուրշուդյան նկատեց, որ եթե կա կեղտոտ սպիտակեղենի խնդիր, ապա այն պետք է լվանալ: