Սթիվեն Սիգալը Ռամզան Կադիրովին եղբայր է անվանել

12:43 • 06.10.13

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին նշել է իր 195-ամյակը։ Սունժի գետի ափին՝ ամառային ամֆիթատրոնի բեմում կայացել է մեծ համերգ՝ ռուսական և արտասահմանյան աստղերի մասնակցությամբ, գրում է rosbalt.ru-ն։


Բնակիչների համար ելույթ են ունեցել Վալերի Մելաձեն, Լև Լեշչենկոն, Վիկտորիա Դայնեկոն, Իրինա Դուբցովան, Զառան, Տիմատին, գերմանացի երաժիշտ Լու Բեգան, London Beat և Snap խմբերը։ Համերգը վարելու պատվին արժանացել են Իգոր Վեռնիկը և երգիչ Նիկոլայ Բասկովը։


Քաղաքի օրվա կապակցությամբ հանրապետությանը և իր «եղբայր» Ռամզան Կադիրովին շնորհավորել է հայտնի հոլիվուդյան աստղ Սթիվեն Սիգալը։ Նա իր խոսքում նշել է նաև Չեչնիայի նախագահ Կադիրովի արժանիքները շրջանի զարգացման հարցում։


«Ռամզան Կադիրովի հայրը՝ Ահմադ Հաջին, հիմնադրել է այս գեղեցիկ հանրապետությունը։ Նրա որդին գնացել է իր հետքերով և պատերազմի հետևանքով ավերված, քանդված հանրապետությունը վերածել ծաղկող շրջանի։ Ես հարգում եմ Ռամզան Կադիրովին որպես ընկերոջ, որպես մեծ ռազմիկի, սակայն ամենից շատ ես նրան հարգում եմ որպես մեծ առաջնորդի»,- ասել է Սիգալը՝ դիմելով հանդիսատեսին։


Եզրափակելով դերասանն ավելացրել է, որ հույս ունի ապագայում դառնալ Չեչնիայի Հանրապետության մի մասը։