Աճուրդի են հանվել Էլիզաբեթ 2-րդի լուսանկարները, որտեղ նա պատկերված է Ալադինի հագուստով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի բացառիկ սև ու սպիտակ լուսանկարները, որոնցում նա պատկերված է հեքիաթային հերոս Ալադինի և արքայազն Ֆլորիզելի հագուստներով, հանվել են աճուրդի։ Բեմադրությունները կատարվել են 1941-1944թթ.։ Մինչ այժմ հանրությունն այդ լուսանկարների մասին չգիտեր, գրում է ИТАР-ТАСС-ը։
Լուսանկարները Սիրիլ Վուդսի անձնական արխիվից են, ով մասնակցել է այդ ներկայացումներին Էլիզաբեթի և նրա քրոջ՝ Մարգարեթի հետ։ Նկարահանումները կատարվել են ներկայացումների ժամանակ, որոնք կազմակերպել է բրիտանական թագավորական ընտանիքը սեփական զվարճանքների համար՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։
Ամենավաղ լուսանկարներն արվել են 1941թ. դեկտեմբերին։ Դրանցում 15-ամյա ապագա թագուհին ներկայանում է «Մոխրոտը» պիեսից արքայազն Ֆլորիզելի կերպարով։ Էլիզաբեթը տղամարդու հագուստով է և կեղծամով։ 1942-ին թագավորական ընտանիքը բեմադրում է «Քնած գեղեցկուհին», իսկ հաջորդ տարի՝ «Ալադինը», որտեղ Էլիզաբեթը կատարում է գլխավոր դերը։
Վուդսն ուսանել է Վինձորի Թագավորական դպրոցում և հրավիրվել է ներկայացումներին մասնակցելու։ Նրա հավաքածուում կա 60 լուսանկար, որոնց մի մասը ստորագրված են թագուհու կողմից։
Վուդսը մահացել է 2001-ին, իսկ նրա հավաքածուն հանվել է վաճառքի։



















































