«Քառորդ դար Հայաստանի հետ համաքայլ». World Vision-ի ցուցահանդեսը ԱԺ-ում (լուսանկարներ)

10:37 • 04.12.13

ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել է «Քառորդ դար Հայաստանի հետ համաքայլ» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Այն ներկայացված է Վորլդ Վիժնի կողմից և նվիրված է Հայաստանում կազմակերպության գործունեության 25-ամյակին:

 

«Այս տարի Վորլդ Վիժնը նշում է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը: Օգտագործելով սույն առիթը՝ ցանկանում ենք հասարակությանը ներկայացնել կազմակերպության աշխատանքները, ինչպես նաև հրավիրել հասարակության ուշադրությունը կարիքավոր համայնքների և երեխաների խնդիրների վրա», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

 

Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության կոչումն է՝ բարեփոխել աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը:

 

Կազմակերպությունը Հայաստան է եկել 1988թ.-ին՝ օգնություն բերելով երկրաշարժից տուժած ընտանիքներին: Հետագա տարիների ընթացքում Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել զարգացման երկարաժամկետ ծրագրեր և ներկայումս աշխատում է Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի 209 համայնքներում` օժանդակելով ավելի քան 32 000 երեխաների և նրանց ընտանիքներին:

 

Կրթություն և առողջապահություն, տնտեսական զարգացում և համակարգային խնդիրներ, հոգևոր զարգացում, իրազեկման բարձրացում և երեխաների պաշտպանություն, մասնագիտական որակավորման դասընթացներ և ներուժի զարգացում.  սրանք են այն ոլորտները, որոնցում Վորլդ Վիժնն աջակցում է Հայաստանին 13 Տարածքային զարգացման ծրագրերի միջոցով: Այս ծրագրերը ֆինանսավորվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Թայվանի, Կանադայի և ԱՄՆ-ի կողմից:

 

«Քառորդ դար Հայաստանի հետ համաքայլ» խորագրով ցուցահանդեսը ՀՀ Ազգային Ժողովում կներկայացվի մինչև դեկտեմբերի 6-ը:

 

Երևանում և մի քանի մարզերում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում Վորլդ Վիժնի գործունեության 25-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել:  

 

Նոյեմբերի 20-25-ին լուսանկարներով ցուցահանդեսներ են ներկայացվել նաև Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում, ՄԱԿ-ի գրասենյակում: Ավելի ուշ՝ դեկտեմբերի երկրորդ կեսին, լուսանկարների ցուցահանդեսներ կկազմակերպվի նաև Հայաստանի այն մարզերում, որտեղ կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում:

 

Վորլդ Վիժնի 25-ամյակի ամփոփող միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Երևանում՝ Կամերային երաժշտության տանը: Այդ օրը կազմակերպության 25-ամյա ուղին Վորլդ Վիժնի շահառու երեխաները կներկայացնեն իրենց աչքերով և գնահատմամբ: