Սնանկացած Դետրոյթ քաղաքը 866 մլն դոլարի արվեստի գործեր ունի

15:36 • 05.12.13

Սնանկ հայտարարված Դետրոյթ քաղաքում (ԱՄՆ), ըստ Christie's աճուրդի տան գնահատականների, 866 մլն դոլար արժողությամբ արվեստի գործեր կան, հայտնում է Интерфакс-ը։

 

Դետրոյթի արվեստների ինստիտուտի հավաքածուում կան Դիեգո Ռիվերայի «Դետրոյթի արդյունաբերությունը» որմնանկարները, որոնք արվել են 1930-ական թթ., ինչպես նաև մեծ քանակությամբ եգիպտական արձաններ, Կարավաջոյի 1598թ. «Մարթա և Մարիամ Մագդաղենացի» գլուխգործոցը և Օգյուստ Ռոդենի բրոնզե «Մտածողը»։

 

Քաղաքի սնանկության վերաբերյալ գործը վարող դատավոր Սթիվեն Ռոդսն ընդգծել է, որ այդ գործերի վաճառքը ոչ մի կերպ չէր անդրադառնա քաղաքի ֆինանսական դրության վրա երկարաժամկետ հեռանկարում։

 

Մինչդեռ քաղաքը կարող է եկամուտ ստանալ իրեն պատկանող արվեստի գործերից, ասվում է Christie's-ի զեկույցում, որը կհրապարակվի դեկտեմբերի 16-ին։ Բացի վաճառքից, այդ իրերը կարելի է գրավ դնել վարկ ստանալու համար, ինչպես նաև վարձով տալ այլ թանգարանների։

 

ԱՄՆ-ի Դաշնային դատարանը Դետրոյթը սնանկ է ճանաչել չորեքշաբթի։ Քաղաքի պարտքը մոտ 18 մլրդ դոլար է։