Դուբայի 10-րդ կինոփառատոնը կբացվի պաղեստինյան «Օմար» ֆիլմով

16:31 • 05.12.13

Դուբայի 10-րդ ամենամյա կինոփառատոնը կբացվի ուրբաթ՝ պաղեստինյան ծագում ունեցող հոլանդացի ռեժիսոր Հանի Աբու Ասադի «Օմար» ֆիլմով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով GulfNews պարբերականին։

 

Ֆիլմի գլխավոր հերոսը երիտասարդ պաղեստինցի Օմարն է, ով ստիպված է մշտապես անցնել Իսրայելը և Հորդանան գետի Արևմտյան ափը «բաժանող» պատը, որտեղ ապրում է Նադյա անունով իր սիրելին։ Սիրո պատմությունը զարգանում է Օմարի՝ պաղեստինյան հակամարտությանը մասնակցելու ֆոնին։

 

Կաննի կինոփառատոնում «Օմար» ֆիլմը ստացել է ժյուրիի մրցանակը՝ «Հատուկ հայացք» անվանակարգում։ Պաղեստինյան ինքնավարությունը ֆիլմը ներկայացրել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

 

Դուբայի միջազգային կինոփառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 14-ը։ Կներկայացվի 174 ֆիլմ։ Ժյուրին գլխավորում է իռլանդացի ռեժիսոր և սցենարիստ Ջիմ Շերիդանը։