Չարենցի մասին Դավիթ Գասպարյանի 500 օրինակով հրատարակված գիրքը դեռ վաճառքի չի հանվել
Գրականագետ Դավիթ Գասպարյանի «Գիրք մնացորդաց» գիրքը, որտեղ զետեղված են Եղիշե Չարենցի մինչ օրս չհրատարակված գործերն ու կենսագրությանը վերաբերող կարևոր փաստաթղթեր, թեև 500 օրինակով հրատարակվել է դեռևս նախորդ տարի, սակայն գրեթե ոչ մի տեղից գիրքը հնարավոր չէ գնել:
Գրականագետը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, թե պատճառն այն է, որ այն ինչ-ինչ պատճառաբանություններով գրքին դեմ է դուրս եկել Չարենցի աղջիկը՝ Անահիտ Չարենցը։
«Հարցը նրանում է, որ ինքն ասում է, թե ինչո՞ւ է այդ գործը արել Դավիթ Գասպարյանը, նամակ հանրապետության նախագահին, այնտեղ էլ քննարկել է, ու մեկ էլ տեսանք այս գիրքը անհետացավ»,– պատմեց նա:
«Մի հատ ասեք, որ դուք էլ եք ուզում այդ գիրքը տեսնել: Եթե վատն է, Դավիթ Գասպարյանին կախեք, լավ գիրք է՝ որևէ լավ բան պետք չէ ասել: Հայաստանում իրականում էլ մարդ չկա, որ էդ գիրքը չունենա ու ձեռք են բերել տարբեր ճանապարհներով: Մեկը՝ տպարանից, մյուսը՝ թանգարանից և այլն: Վերջերս գնացել եմ Ազգային գրադարան ու պարզել, որ այնտեղ էլ չկա, այնինչ պարտավոր էին որոշակի քանակ ուղարկել»,- ասաց նա:
Դավիթ Գասպարյանն ընդգծեց, որ Չարենցը վիթխարի ստեղծագործող էր և մինչև վերջ նրան հասնելու համար շատ երկար ժամանակ է պետք:
«Պետք է փորձենք մնացած ձեռագրերը բերենք–տպենք, որ ամբողջացնենք, բայց մարդիկ դեմ են իմ աշխատանքին առանց կարդալու, փոխանակ մտածեն մյուս մասը հրապարակելու մասին»,- ասաց նա և ընդգծեց, որ դեռ չհրատարակված մասը գտնվում է գրող Գևորգ Էմինի որդու՝ Արտաշես Էմինի մոտ, որը պետք է պետությունը ձեռք բերի:
Լրագրողի դիտարկմանը, թե խոսակցություններ կային, որ այդ գրքում Չարենցը ներկայացված է որպես արվամոլ և արդյոք իսկապես իր կարծիքով Չարենցը այդպիսի՞նն էր, Դավիթ Գասպարյանը վրդոհվեց՝ ասելով, որ անգամ այդ «դիվային ժամանակներում Չարենցը գրել է սիրային, մաքուր, անարատ զրնգուն բանաստեղծություններ»:
«Գրել է նաև էրոտիկ բնույթի բանաստեղծություններ: Սրանք նորմալ բանաստեղծություններ են, որտեղ հեղինակը իրեն դրսևորել է սիրո էրոտիկ կողմերով: Հիմա տարբեր վերագրումներ են անում, Չարենցը առողջ մի տղամարդ էր, որ իր սիրո արտահայտությունները բաց տեսարաններով է ներկայացրել»,-ասաց նա և ընդգծեց, որ ինքը կենսագրության մեջ ամեն ինչ գրել է այնպես ինչպես, որ եղել է Չարենցը:
«Ես որևէ մեղադրանք չեմ ընդունում, քանի որ իրեն ներկայացրել է այնպես ինչպես կա: Նա գրել է՝ ես ինձ ընդունում եմ այնպես ինչպես որ կամ, դուք կընդունեք՝ կընդունեք, չէ՝ բայ-բայ: Իմ գրքում Չարենցը այնպիսն է, ինչպիսին որ կա՝ արժանի, առողջ պինդ, հայ, մեծ հայ, հայրենասեր, ամբողջ 1937-ի դեմ կանգնող հերոսի հետ»,- ասաց նա:
Մնացած բոլոր հարցերին, կապված Չարենցի արվամոլ լինելու հավանականության մասին, գրականագետը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ լրագրողները անազնիվ զրույց են տանում:
«Ի՞նչ հարցեր եք տալիս, ես ասում եմ՝ Չարենցը հերոս էր, դուք անկողինն եք քրքրում»,- ասաց նա և հորդորեց պարզապես գտնել գիրքը և կարդալ, իսկ չգտնելու դեպքում՝ բարձրացնել հենց այդ հարցը:










