Հայաստանում 3-րդ անգամ կնշվի Երգչախմբային արվեստի միջազգային օրը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան՝ ս. թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի համերգ՝ նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան, այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Համերգին մասնակցում են ՀՀ պետական, սիրողական և մանկական 9 երգչախումբ. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան/, «Փարոս» կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Ռաֆֆի Միքայելյան/, Երևանի կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան/։
Համերգին մասնակցում են նաև՝ «Արթ վոկալ անսամբլ» Oշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համերգային խումբը /գեղարվեստական ղեկավար՝ Առնո Բարխուդարյան/, Վանաձորի կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Տարոն Միրզոյան/, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հանրակրթական հիմնական դպրոցի երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Մարդոյան/, Արթիկի Դանիել Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Բիկիլյան/, «Սպեղանի» երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Սարինա Աֆթանդիլյան/:
Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Երգչախմբային արվեստի միջազգային օրը աշխարհում նշվում է 1990 թվականից, դեկտեմբերի 8-ին:










