Հարի Փոթերը կունենա նոր կերպար
Բրիտանական Bloomsbury հրատարակչությունը հայտարարել է այն նկարչի անունը, որը կստեղծի Ջոան Ռոուլինգի՝ Հարի Փոթերի մասին գրքերի շարքի նոր հրատարակության համար նկարազարդումները, գրում է lenta.ru-ն:
Նոր նկարիչը Ջիմ Քեյն է: Տեղեկությունը հայտնվել է հրատարակության պաշտոնական Twitter-ում դեկտեմբերի 6-ին: Twitter-ում հրապարակվել է նաև գլխավոր հերոսի առաջին պատկերը, որը նկարիչը նկարել է վերահրատարակության համար:
Գունավոր նկարազարդումներով Հարի Փոթերի մասին յոթ գրքերի շարքը լույս կտեսնի 2015 թվականին: Մինչ այդ Ջոան Ռոուլինգի գքերը Մեծ Բրիտանիայում հրատարակվել են առանց նկարազարդումների: Ամերիկյան Scholastic հրատարակչությունը շարքը հրատարակել է յուրաքանչյուր գլխի սկզբում Մերի Գրանդպրեի հեղինակած փոքր նկարներով:
Ջիմ Քեյը կհեղինակի բոլոր նկարազարդումները՝ ինչպես գրքի ներսում, այնպես էլ շապիկի վրա: Bloomsbury հրատարակչությունն առաջին անգամ շարքը նկարներով վերահրատարակելու մասին հայտնել էր 2012 թվականին:










