ԱՄՆ-ում անպիտան է դարձել 1912-30թթ. նկարահանված ֆիլմերի գրեթե ¾-ը
Հայտնի են դարձել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի աշխատակիցների կողմից ամերիկյան հին ֆիլմերի ֆիլմադարանի 2-ամյա ստուգումների արդյունքները, որոնք տհաճ անակնկալ են դարձել կինոյի սիրահարների համար, գրում է «Комсомольская правда»-ն։
Պարզվել է, որ 1912-1930թթ. Ամերիկայում նկարահանված ֆիլմերի 70%-ն անվերադարձ կորել է։ 11 հազ. համր ֆիլմերից նախնական տեսքով պահպանվել է միայն 14%-ը։ Եվս 11% պահպանվել է արտասահմանյան տարբերակով կամ ցածր որակով։
Մասնագետներն ամենից շատ ցավում են «Կլեոպատրա» (1917), «Մեծն Գեթսբի» (1926), «Լոնդոնը կեսգիշերից հետո» (1927) և «Հայրենասերը» (1928) ֆիլմերի համար։
Հին ֆիլմերի մեծ մասը պահվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանում և ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում։ Ֆիլմադարանի տխուր վիճակի գլխավոր պատճառները հրդեհներն են, քիմիական ռեակցիաները, որոնք պայմանավորված են ժամանակով։
Առավել խնամքով իրենց հին ֆիլմերին վերաբերում են MGM ստուդիայում։ Այստեղ այդ ֆիլմերի պահպանման տոկոսը բավականին բարձր է՝ 68%։ Հակառակ օրինակ կարող է լինել Paramount Pictures կինոստուդիան, որը եզակի օրինակներ է պահպանել իր 1.222 համր ֆիլմերից։










