Հայտնաբերվել է Թութանհամոնի քրոջ գողացված արձանը
Եգիպտոսի ոստիկանությունը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի քրոջ արձանը, որը գողացվել էր Մալավի քաղաքի թանգարանից այս տարվա օգոստոսին անկարգությունների ընթացքում, գրում է Корреспондент-ը։
Այդ ժամանակ իշխանությունից հեռացված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները հարձակումներ էին գործում թանգարանների, քրիստոնեական տաճարների և ոստիկանական բաժանմունքների վրա։
Իշխանությունների տվյալներով՝ օգոստոսի կեսերին Մալավիի թանգարանից գողացվել է ավելի քան 1000 նմուշ։
Հաղորդվում է, որ հետախույզները թանկարժեք նմուշը հայտնաբերել են Կահիրեի Հան էլ Հալիլի թաղամասում գտնվող սրճարանի տիրոջ մոտ։
Եգիպտոսի թանգարանների վարչության ղեկավար Ահմեդ Շարաֆը հայտնել է, որ 32 սմ-ոց արձանը որոշակի վերանորոգման կարիք ունի, սակայն ընդհանուր առմամբ չի տուժել։










