ԱՄՆ տարբեր քաղաքների կինոքննադատներն ընտրել են տարվա լավագույն ֆիլմերը
Բոստոնի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի կինոքննադատները, ինչպես նաև կինոյի երկրպագուները՝ Կինոտեսության ազգային խորհրդից (NBR), ամփոփել են տարվա արդյունքները։ Միակ բանը, որի հարցում նրանք բոլորը համամիտ են եղել, այն է, որ Քեյթ Բլանշետն արժանի է տարվա լավագույն դերասանուհի կոչմանը՝ «Հասմիկ» ֆիլմում կատարած դերի համար, գրում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Showbiz 411 պորտալը։
Կինոքննադատների յուրաքանչյուր խումբ նշել է հաղթողների անուններ տարբեր անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի»։
Նյու Յորքի կինոքննադատները 2013թ. «Տարվա լավագույն ֆիլմ» են անվանել ռեժիսոր Դևիդ Օ. Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմը։
Բոստոնցիները գլխավոր անվանակարգում նախապատվությունը տվել են «Ստրկության 12 տարիներ» ֆիլմին, իսկ Լոս Անջելեսում այդպես էլ չեն կարողացել ընտրություն կատարել «Ձգողականություն» և Սփայք Ջոնզի «Նա» ֆիլմերի միջև։ Վերջին ֆիլմն ընտրել են նաև NBR-ի ներկայացուցիչները։
Փորձագետների կարծիքով՝ բոլոր այս ֆիլմերը, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր թեկնածուների ցուցակում, որը բաղկացած է 10 կետից։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 2-ին Լոս Անջելեսում։ Թեկնածուները կհայտարարվեն հունվարի 16-ին։
Լավագույն դերասան, ըստ բոստոնցիների, ճանաչվել է Չիվետել Էջիոֆորը, Լոս Անջելեսում՝ Բրյուս Դերնը, նյույորքցիներն ընտրել են Ռոբերտ Ռեդֆորին։
Միայն «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում են բոլոր կինոքննադատները միակարծիք եղել՝ Քեյթ Բլանշետ։










