Քանդակագործը կարծում է, որ Նկարիչների միության նախագահի ընտրությունն առանց վեճերի չի անցնի

12:51 • 10.12.13

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն առաջիկայում Նկարիչների միության համագումարից ու նախագահի ընտրությունից ոչ մի ակնկալիք էլ չունի, բայց կանխատեսում է՝ վեճեր կլինեն։ Նա նախկին նախագահ Կարեն Աղամյանի դեմ ոչինչ չունի, նույնիսկ շեշտում է՝ լավ մարդ է, բայց որ վերջինս կրկին թեկնածությունն առաջադրել է և պատրաստվում է 15 տարվա նախագահությանն ավելացնել ևս մեկ շրջան, դրան դեմ է։

 

«Կարեն Աղամյանը վատ տղա չի, բայց արդեն քանի տարի է՝ ինքն է միությունը նախագահում, այն էլ ոչ վատ: Բայց դեմ եմ, որ մի մարդն ամեն անգամ նախագահ է դառնում։ Դե դա էլ սխալ է՝ 15 տարի, ու հասկանում եմ բողոքները, որովհետև լճանում է մարդ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

 

Ֆերդինանտ Առաքելյանի կարծիքով՝ պետք է միությունների կարգավիճակը վերանայել։ «34թ. բոլոր միությունները Ստալինի կողմից էին բացվել, ու այդ ժամանակ դա ճիշտ էր, քանի որ պետական ինստիտուտ էր։ Այսօր դա չկա, երկիրը քանդվեց, մոդելը քանդվեց, հիմա միությունները պետք է պահվեն՝ ուղղակի մոդելը փոխելով»,-ասաց նա և ավելացրեց, թե տարբերակները շատ են։ «Բոլոր տարբերակները պետք է գան մի բանի՝ ինչպես սատար կանգնել նկարիչներին, խոսքը բոլոր միություների մասին է։ Արվեստագետը ծանր դրության մեջ է, հոգեբանական, երկրի վիճակից ելնելով։ Վերջիվերջո արվեստն ի՞նչ բան է, ընկալում է, ընկալում են եղածը վերադարձնելու համար, այս ընկալելու տեղը շատ տխուր է»,-ասաց նա և ավելացրեց, թե միություններում վեճերն էլ նույն հետևանքով են։

 

Քանդակագործն առաջարկում է նաև միության նախագահ ընտրվելու ժամկետը սահմանափակել՝ դարձնելով առավելագույնը 2 շրջան։ «Սխալ է, որ մի քանի անգամ իրավունք ունեն նախագահները նստեն, երկու անգամից ավել իրավունք չպետք է լինի։ Սա վեճի առիթ է, տհաճ մոտեցում։ Ղեկավարի ցանցը մեծ է, օգնում են՝ էլի մնում է»,-ասաց նա։

 

Իսկ թե ինչու են ուզում մնալ՝ պատճառն արվեստագետի համար պարզ է. «Շատ քիչ մարդ կա, որ փառասեր չի, կոմֆորտը դուր է գալիս նրանց, ամեն տեղ գնում են, նստում են։ Ֆինանսական այդքան չկա, որքան կոմունիստների ժամանակ էր, այն ժամանակ կար լուրջ ֆինանսական միջոց, բայց հիմա էլ ինչ-որ բան կա, նաև կա ղեկավարների հետ շփվել, դելեգացիաների հետ գնալ»,-ասաց նա։

 

Ի դեպ, քանդակագործը նշեց, որ թեև ինքը ամեն անգամ խուսափում է մասնակցել ընտրություներին, այս անգամ որոշել է մասնակցել, բայց չգիտի՝ ում կընտրի։ «Ցուցակը կտան, կտեսնեմ»,-ասաց նա։