Պետք չէ փակել աչք, ականջ ու բերան. թուրք թարգմանիչը՝ Վ. Սվազյանի գրքի իր թարգմանության «մեսիջից»

13:33 • 10.12.13

Այսօր Ազգային գրադարանում տեղի ունեցավ գրող Վերժինե Սվազյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը, որը մի քանի օր առաջ լույս է տեսել Թուրքիայում:

 

Թարգմանիչ Ռագըփ Զարաքօլուն, ով Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում հայտնի անձ է, Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Կարծում եմ՝ իմ մեսիջը տեղ է հասել, այն՝ ինչ ցանկացել եմ ասել, որ պետք չէ փակել աչք, ականջ ու բերան, պետք է պատմությունն ընդունել»:

 

Գրքի հեղինակը՝ Վերժինե Սվազյանը 55 տարի շարունակ գրի է առել Ցեղասպանություն տեսած անձանց պատմությունները, հուշերը, և գրքի հայերեն և անգլերեն տարբերակները վաղուց են լույս տեսել:

 

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայ հանրությանը ներկայացրեց Ռագըփ Զարաքօլուին՝ ասելով. «Նրա գործունեությունը Թուրքիայում շատ լայն է: Նա մի գործիչ է, որը ոչ միայն ճշմարտությունն է խոսում Թուրքիայում, այլ ասում է այն, ինչի մասին արգելված է խոսել»:

 

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ նկատեց, որ թեև շատ են լինում արժանի գրքերի շնորհանդեսներ, սակայն այս մեկը «երևույթ է»՝ բացառիկ գիրք, որի գիտական, պատմական ու բարոյական նշանակությունն Աշոտ Մելքոնյանը, որպես մասնագետ, մեծապես կարևորում է: