Ռոմանովների նամակները վաճառվել են 833.000 դոլարով
Ժնևում կայացած աճուրդում վաճառվել են ռուս կայսր Նիկոլայ 1-ի դստերը՝ Օլգային հասցեագրված նամակները, ով ստացել է Վյուրտեմբերգյան արքայադստեր տիտղոսը և ամուսնությունից հետո ապրել Գերմանիայում։ Նամակները վաճառվել են 833.600 դոլարով։ Դրանցում ընտանիքի անդամները նրան պատմում են վերջին նորությունների մասին, գրում է ДНИ.ru-ն։
Նամակները բաժանված են եղել 15 նմուշների։ Ամենաթանկը դարձել են Նիկոլայ 1-ի 22 նամակները, որոնք գրվել են ռուսաց լեզվով 1846-1847թթ., այսինքն՝ դստեր ամուսնության առաջին 2 տարիների ընթացքում։ Բացառիկ նամակները վաճառվել են 273 հազ. դոլարով։
Նամակներում կայսրը խորհուրդ է տալիս Օլգային, թե ինչպես նա պետք է վարվի Գերմանիայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական կապերը պահպանելու համար, ինչպես նաև նկարագրում է իր առօրյա կյանքը։
Կայսերական ընտանիքի նամակների մեծ մասը գնել է մի գնորդ, որը գտնվել է սրահում և չի հայտնել իր անունը։ Նա նաև դարձել է երեկոյի ամենաթանկ նմուշի գնորդը՝ 2 ճենապակե ծաղկամաններ, որոնք արտադրել է Կայսերական գործարանը 1849-ին։ Դրանք կայսրը Սուրբ Ծննդյանը նվիրել է իր հարսին՝ Մեծ իշխանուհի Ելենա Պավլովնային, ով այդ տարի կորցրել է ամուսնուն, կայսեր հարազատ եղբորը՝ Մեծ իշխան Միխայիլ Պավլովիչին։ Ծաղկամանները վաճառվել են 1.8 մլն դոլարով։










