Թուրքիան ստիպված է ընդունել Ցեղասպանությունը, եթե խաղաղություն է ուզում. Թուրք գրող

13:29 • 11.12.13

Թուրք գրող, հասարակական գործիչ Ռաքըփ Զառաքօլուն լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով 1915թ. թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին, ասաց, թե եթե իրենք ուզում են խաղաղություն, Թուրքիան պետք է անպայման Ցեղասպանության հետ հաշվի նստի և այդ իրողությունը չկրկնի:

 

«Թուրքիան ստիպված է ընդունել Ցեղասպանությունը, եթե ուզում է խաղաղություն լինի»,-ասաց թուրք գրողը:

 

Թուրք գրողն ասաց, թե շատ կարևոր բան ունի ասելու հայերին և մասնավորեցնելով նշեց, թե Ցեղասպանության ժամանակաշրջանում օսմանյան բանկում առկա միայն հայազգի մարդկանց ներդրած ողջ գումարը երիտթուրքերը տեղափոխել են Deutsche բանկ: Ըստ հրապարակախոսի, երբ գերմանացիները պարտվեցին առաջին աշխարհամարտում, Գերմանիան իբրև պարտված երկիր ԱՄՆ-ին փոխհատուցում վճարեց հայերի այդ ամբողջ գումարը: «Ուզում եմ ասել, որ ԱՄՆ-ի կառավարության հաշվեհամարին նստած այդ գումարը պատկանում է հայությանը, և ԱՄՆ-ն պարտավոր է դա վերադարձնել հայերին»:

 

Նրա կարծիքով՝ հայկական Ցեղասպանությունն ուրանալը հանցագործություն է, և քանի որ ԱՄՆ-ն ևս ուրանում է, ուրեմն այս երկիրը ևս հանցագործ է:

 

Դավութօղլուի այցին անդրադառնալով՝ Ռաքըփ Զառաքօլուն ասաց, որ Սևծովյան համագործակցության այդ խումբը Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև չեղած հարաբերությունների նվազագույնն ապահովող միակ կառույցն է: «Հենց այդ իրողության շնորհիվ է, որ ես կարողանում եմ օդանավ նստել և Երևանում վայրէջք կատարել»,-ասաց նա:

 

«Ողջունում եմ Դավութօղլուի այցը, դրական եմ գնահատում, թեև չգիտեմ, թե ինչ տրամադրությամբ է գալիս»,-ասաց թուրք գրողը՝ լրագրողներին հորդորելով նրան հիշեցնել թե ի՞նչ եղան հայ-թուրքական արձանագրությունները:

 

Հիշեցնենք, որ երեկ Ազգային գրադարանում տեղի ունեցավ գրող Վերժինե Սվազյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը: