Գեղանկարիչ Շոթի Խաչատրյանի նկարները կարող են հայտնվել դրսում
Գեղանկարիչ Շոթի Խաչատրյանի նկարները կարող են հայտնվել դրսում: Պատճառն այն է, որ տասը տարի առաջ նկարիչը ինչ-ինչ պատճառներով վաճառել է իր տունը և ապրել վարձով բնակարանում: Այժմ բնակարանի սեփականատերերը ցանկանում են ապրել իրենց բնակարանում և խնդրում նկարչին ազատել իրենց տունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկարիչը ընդգծեց, որ ինքը չգիտի ուր տանել իր նկարները, որպեսզի դրանք ապահով ձեռքերում պահպանվեն:
«Ես երբևէ չեմ դիմել Մշակույթի նախարարությանը կամ նկարիչների միություն, բնավորությանս մեջ չկա, չեմ կարող, այստեղ էլ չէի ուզում գալ, բայց այլ տարբերակ չունեմ, նկարներս վտանգված են, իսկ դրանք արտասահմանում բարձր գնահատականի են արժանացել, Ամերիկայում նույնիսկ ասացին, որ սրանք թանգարանային աշխատանքներ են»,-ասաց նա:
Նկարիչը բացատրեց, որ մինչ օրս ինքը վարձում էր 3 սենյականոց բնակարան Երևանում 40 հազ. դրամով: Այդ գումարով այդ չափերի բնակարան մայրաքաղաքում այլևս չի կարողանում գտնել:
«Ես չեմ կարող մարզերում բնակարան վարձել, որովհետև ես միայն այստեղ կարող եմ ստեղծագործել՝ Երևանում, քանի որ այստեղ է գործում իմ էներգետիկ դաշտը: Բայց այս պահին ինձ միայն անհրաժեշտ է մի տեղ, որտեղ կպահեմ նկարներս»,-ասաց նա:










