ABBA խմբի անդամները 300-ական դոլար են հավաքում իրենց երկրպագուներից

16:50 • 12.12.13

Թեև շվեդական աշխարհահռչակ ABBA  քառյակի անդամներն աշխարհի հարուստ երաժիշտներից են, այդ հանգամանքը չի խանգարել նրանց դիմել իրենց երկրպագուներին՝ խնդրելով գումար հավաքել խմբի պաշտոնական լուսանկարչական գրքի հրատարակման համար։

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ABBA -ն երկրպագուներից յուրաքանչյուրին խնդրել է 300 դոլար նվիրաբերել, ինչի դիմաց նրանք կստանան ABBA  - The Official Photo Book-ի 5 հազար օրինակից մեկը՝ մինչ դրա պաշտոնական թողարկումը։

 

460 էջանոց գիրքը հրատարակվելու է եկող տարվա ապրիլին՝ 1974թ. «Եվրատեսիլ» երգի մրցույթում խմբի ունեցած հաջողության 40-ամյակի կապակցությամբ։

 

Գրքում կներառվեն նախկինում չցուցադրված 100 լուսանկարներ, իսկ վերջին 20 էջին կնշվեն բոլոր այն երկրպագուների անունները, ովքեր աջակցել են գրքի հրատարակման գործընթացին։