Պատկերացնո՞ւմ եք՝ հայտարարեն` ԱՄՆ-ի վաստակավոր կամ ժողովրդական արտիստ Սթիվի Ուանդեր. Դ. Ամալյանը` մրցանակաբաշխությունների մասին
Արվեստում մրցանակաբաշխություններն ավելորդ երևույթ են: Tert.am-ի հետ զրույցում խոսելով տարեվերջյան մրցանակաբաշխությունների, դրանց արդյունավետության մասին` նման կարծիք հայտնեց երգիչ Դավիթ Ամալյանը՝ նշելով, որ ինքը 2-3 անգամ «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությանն է մասնակցել՝ 2001-2003 թվականներին:
«Իսկ ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցելու առաջարկ եղել է, չեմ մասնակցել: Սայաթ-Նովայից հետո որևէ մրցանակաբաշխության չեմ մասնակցել»-նշեց Դ. Ամալյանը:
Երգիչ-երգահանի համոզմամբ՝ մրցանակաբաշխություններն ու տիտղոսներ շնորհելը սովետական երևույթներ են, ինչին ինքը վատ չի վերաբերում:
«Պատկերացնո՞ւմ եք, ասենք, հայտարարեն՝ ԱՄՆ վաստակավոր կամ ժողովրդական արտիստ Սթիվի Ուանդեր: Այդ տիտղոսները սովետական երևույթ են, բայց ես դրա մեջ լուրջ խնդիր չեմ տեսնում: Արվեստը մարդու քննարկման հարցը չէ, դա ավելի վեր բան է: Երեխա կա, որ նոր ծնվել է ու ինչ-որ բան է անում, ու դա ավելի թանկ արժեք է, քան՝ որևէ արհեստավարժ կոմպոզիտորի գրած ստեղծագործություն»,-ասաց Դավիթ Ամալյանը:
Վերջինիս խոսքերով՝ սպորտում է, որ մեկը հաղթում է, իսկ մյուսը՝ պարտվում: Երաժշտության կամ գրականության մեջ, ըստ երգչի, սխալ է ասել՝ այս մեկը լավն է, այն մեկը՝ վատը:
Ինչ վերաբերում է այսօրվա շոու-բիզնեսին, շուկային, պահանջարկին, Դավիթ Ամալյանն ասաց.«Չեմ կարող ասել, թե պահանջարկն ինչպիսինն է, որովհետև ամեն ինչ ժողովրդի վրա բարդելը սխալ է: Ժողովրդին որ լավ բան ես տալիս, վերցնում է: Մեր ժողովուրդը վատ ճաշակ չունի, ուրիշ բան, որ ներքին առումով որևէ ուժի միջոցով ժողովրդին պրոպագանդվում է վատը»,-ասաց Դավիթ Ամալյանը:
Հարցին, թե՝ հնարավոր չէ՞ ինչ-որ կերպ ազդել շուկայի վրա, Դավիթ Ամալյանը պատասխանեց. « Իհարկե՛, կարո´ղ ենք, բայց՝ մե´նք չէ: Բոլորիդ էլ հայտնի է, որ «շոու բիզնես» երևույթն ինչ-որ կառույցների մենաշնորհն է: Իսկ այդ մարդկանց ասված է՝ այս «պլանկայից» ավելին չանել: Ցավոք՝ պետք է ասեմ, որ իրենք անգրագետ չեն, իրենք գնում են տուն և դասական երաժշտություն են լսում»:
Դավիթ Ամալյանն իր օրինակով խոսեց պահանջարկի մասին. «Եթե համեմատություն անեմ, ապա իմ առաջին համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում, երկրորդը՝ ոչինչ, երրորդը՝ կիսադատարկ, չորրորդը՝ համարյա դատարկ»:
Այս ամենից, ըստ երգահանի, հետևությունն այն է, որ ժանրի խնդիր կա, իսկ այն ժանրը, որն ավելի լավն է, ժողովրդին չի պրոպագանդվում:
«Խոսքի արվեստը ետին պլան է մղված, որովհետև ժամանցային երաժշտությունն ավելի շատ է: Պրոդյուսերները, որ համերգ են կազմակերպում, ասում են՝ աշխո՛ւյժ, աշխո՛ւյժ, չգիտեն, որ ռիթմիկ արագությունն ուրախի մասին չէ, ուրախ կամ տխուրը երգի տեքստն է: Եթե ռիթմիկ երգի մեջ տխուր տեքստ կա, դա ուրախ երգ չէ: Ռիթմիկայի արագությունը կապում են ուրախի և տխուրի հետ, դա ես ինչ-որ չափով անգրագիտություն եմ համարում»,-ասաց Դավիթ Ամալյանը:










