Նորվեգիան երկրի բոլոր գրքերը կտեղադրի համացանցում
Նորվեգիայի ազգային գրադարանը հայտնել է, որ աշխատանքներ է տանում էլեկտրոնային արխիվի ստեղծման ուղղությամբ, որում ընդգրկված կլինեն արխիվի բոլոր գրքերը, հայտնում է forbes.ru-ն՝ վկայակոչելով գրադարանի կայքը։
Էլեկտրոնային ձևաչափով նախատեսվում է ներկայացնել ինչպես ժամանակակից ստեղծագործությունները, այնպես էլ պահպանված միջնադարյան աշխատանքները։ Գրադարանի գնահատականով՝ ամբողջ արխիվի թվայնացման համար կպահանջվի 20-30 տարի։ Աշխատանքը տարվում է 2006-ից։
Բացի արխիվի թվայնացումից, գրադարանն աշխատում է նաև որոնողական ծրագրի ստեղծման ուղղությամբ, որը կարող է վերլուծել տեքստերը և կօգնի օգտատերերին գրքերում գտնել անհրաժեշտ հատվածները։
Նորվեգական գրադարանը թույլ կտա օգտատերերին ստանալ առցանց գրքերի անվճար հասանելիություն։ Խոսքը նաև այն գրքերի մասին է, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքով։










