Հայտնաբերվել են «մյունխենյան գանձերից» Շագալի կտավի սեփականատերերը

18:16 • 12.12.13

Մարկ Շագալի կտավներից մեկը, որը գերմանական իշխանությունների կողմից հայտնաբերվել էր Կորնելիուս Գուրլիտի մյունխենյան բնակարանում, մի հրեական ընտանիքից գողացված է ճանաչվել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Bild-ին։

 

Փորձագետները կտավը նախնական գնահատում են 1.8 մլն դոլար։

 

Գերմանական պարբերականի լրագրողները վստահեցնում են, որ բեռլինյան արխիվներում հայտնաբերել են փաստաթղթեր, որոնք հաստատում են Բլյումշթեյն ազգանունը կրող ընտանիքի՝ կտավի սեփականության իրավունքը։

 

Պարբերականի ներկայացուցիչները կապ են հաստատել կտավի սեփականատիրոջ որդիների հետ, որոնք այժմ բնակվում են ԱՄՆ-ում։ Նրանց հայրը մահացել է 2009-ին։ «Հայրիկը հաճախ էր խոսում Շագալի կտավի և արվեստի այլ գործերի մասին, որոնք նրանից գողացել էին նացիստները»,- ասել են Նիլ և Ֆիլիպ Բլյումշթեյնները։

 

Հաղորդվում է, որ կտավն այլ արժեքավոր իրերի հետ 1941-ին առգրավվել է Բլյումշթեյն ընտանիքից։ Սավելի Բլյումշթեյնը և նրա եղբայր Սողոմոնը պատերազմի սկզբին կարողացել են փախչել ԱՄՆ, իսկ ընտանքի մյուս անդամները զոհվել են նացիստների հարձակման ժամանակ։

 

1957-ին եղբայրներն ունեցվածքի փոխհատուցման հայց են ներկայացրել։ 1981-ին նրանց ընտանիքին վճարվել է 25 հազ. գերմանական մարկ։