Արգենտինան և Ուրուգվայը նշել են Տանգոյի միջազգային օրը
Արգենտինան և Ուրուգվայը Տանգոյի միջազգային օրը նշել են գալա համերգներով, պարային երեկոներով և հայտնի պարողների հետ հանդիպումներով, գրում է РИА Новости-ն։
Արգենտինայում 1977թ. դեկտեմբերի 11-ը հայտարարվել է Տանգոյի ազգային օր։ Այդ օրը պարի սիրահարները նշում են տանգոյի պատմության մեջ երկու կարևոր դեմքերի՝ կատարող Կարլոս Գարդելիի և երգահան Խուլիո դե Կարոյի ծննդյան օրը։
Տոնական միջոցառումներ, համերգներ, պարային մարաթոններ են անցկացվել երկրի բոլոր շրջաններում։ Փառատոնից օրեր առաջ Բուենոս Այրեսի մենաստաններից մեկում ներկայացվել է «Իսկ այժմ Ֆրանցիսկոս պապը» տանգոն, որը նվիրված է Կաթոլիկ եկեղեցու ղեկավարին. վերջինս այս պարի մոլի երկրպագու է։
Արգենտինայի մեծությամբ 2-րդ քաղաքում՝ Կորդովայում, կայացել է նահանգային նվագախմբի անվճար համերգը։ Բարիլոչե նահանգում՝ միաժամանակ մի քանի վայրերում, տոնը նշել են աշխարհում ամենահայտնի՝ La Cumparsita տանգոյի կատարմամբ։
Տանգոյի օրը նշել են նաև հարևան Ուրուգվայում։ Պատմաբանները վստահեցնում են, որ պարը ծնվել է Լա Պլատա գետի երկու ափերին, այսինքն՝ և՛ Բուենոս Այրեսում, և՛ Մոնտեվիդեոյում։ Ուրուգվայի մայրաքաղաքում երեկ բացել են Տանգոյի ազգային գրադարանը՝ առաջին մասնագիտացված գրապահոցը երկրում։










