Ջեյմս Բոնդը հարբեցող է եղել. հետազոտություն
Մասնագետները հաշվարկել են ալկոհոլի քանակը, որը խմում է հայտնի գործակալ Ջեյմս Բոնդը Յան Ֆլեմինգի 14 գրքերից յուրաքանչյուրում:
Պարզվում է, որ եթե լրտեսն իրական մարդ լիներ, այլ ոչ գրական կերպար, նա կմահանար արդեն Բոնդի մասին պատմության կեսին՝ 50 տարի էլ չապրելով և ունենալով մի շարք հիվանդություններ՝ սկսած իմպոտենցիայից մինչև ցիռոզ, գրում է vesti.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Նոթինգհեմի համալսարանի բժիշկները կես տարի շարունակ ուսումնասիրել են ալկոհոլի քանակը, որն ընդունում է գործակալ 007-ը յուրաքանչյուր գրքում:
Պարզվել է, որ շաբաթվա ընթացքում Յան Ֆլեմինգի հերոսը միջինն օգտագործել է մինչև 92 միավոր (Մեծ Բրիտանիայում 1 միավորը հավասար է 10 միլիլիտրի) ալկոհոլ, ինչը քառակի գերազանցում է թույլատրելի նորմը: Այլ խոսքերով՝ գործակալն ամեն օր խմել է կես շիշ օղի: Ընդ որում՝ դա չի խանգարել նրան հաղթել ամենադժվարին իրավիճակներում:










