Դիսնեյյան չարագործների երեխաները ֆիլմի հերոսներ կդառնան
Disney ալիքը սկսել է լիամետրաժ խաղարկային ֆիլմի ստեղծման աշխատանքները, որի հերոսներ կդառնան հայտնի դիսնեյյան մուլտֆիլմերի չարագործների երեխաները, այդ թվում՝ Ստերվելլա դե Վիլի («101 դալմատինները»), Մալեֆիսենտայի («Քնած գեղեցկուհին»), Չար թագուհու («Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները») և Ջաֆարի («Ալադին»): Այդ մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Seattle Post-Intelligencer-ին:
«Ժառանգները» անվանումով ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015 թվականին: Դրա ռեժիսորն է Քենի Օրտեգան, իսկ սցենարի հեղինակներն են Ջոսան Մակգիբոնը և Սառա Փերիոթը, նրանց համատեղ աշխատանքից հայտնի է 1999 թվականի «Փախուստի դիմած հարսնացուն» կատակերգությունը:
Ֆիլմի սյուժեով չորս հայտնի չարագործներն արտաքսվում են արգելված կղզի, սակայն նրանց երեխաներին թույլ են տալիս այցելել հեքիաթային թագավորություն, երբ դրա գահն անցնում է «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի գլխավոր հերոսների որդուն: Բացասական կերպարների երեխաները, որոնք, ինչպես և թագավորը, անչափահաս են, դպրոց են ընդունվում, որտեղ նրանք պետք է սովորեն Disney-ի դրական հերոսների երեխաների հետ: Ինտրիգը գլխավոր հերոսների ժառանգական միտումների և շրջապատի դրական ազդեցության միջև պայքարում է:










