Չինաստանը ցուցադրել է Մաո Ցզեդունի ոսկե արձանը

23:32 • 13.12.13

Չինական Շենչժեն քաղաքում ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Մաո Ցզեդունի՝ ավելի քան 16 միլիոն դոլար արժողությամբ ոսկե արձանը։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:


Մաո Ցզեդունը պատկերված է բազկաթոռին նստած: Չնայած արձանի բարձրությունն ընդամենը 80 սանտիմետր է, դրա կշիռը կազմում է 50 կիլոգրամից ավելի: Այն պատրաստված է ոսկուց, որի մեջ տեղադրված են թանկարժեք քարեր: Պատվանդանը, որի վրա կանգնած է բազկաթոռը, պատրաստված է նեֆրիտից:


Արձանի վրա աշխատել է 20-ից ավելի քանդակագործ, իսկ դրա ստեղծման համար պահանջվել է 8 ամիս: Թե ով է վճարել նման թանկարժեք արձանի համար, չի հաղորդվում: Հայտնի է, որ ցուցահանդեսի ավարտին արձանը կտեղադրվի Մաո Ցզեդունի թանգարանում, որը գտնվում է իր հայրենի Խունան շրջանի Շաոշան գյուղում:

Չինաստանը դեկտեմբերի 26-ին նշում է Մաո Ցզեդունի ծննդյան 120-ամյակը: