«Հայկական սոխակը» այսօր կդառնար 89 տարեկան. Ճապոնիայում նրա կոշիկներն էին գողանում, իսկ Երևանում նրա անվան փողոց էլ չկա

12:50 • 14.12.13

Օպերային արվեստի մեծագույն վարպետ, ժողովրդի մեջ «հայկական սոխակ» անունը ստացած երգչուհի Գոհար Գասպարյանը այսօր կդառնար 89 տարեկան: Գոհար Գասպարյանի ուսանողուհիներից Օլգա Զախարյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ ինքն իր մի շարք ձեռքբերումների համար պարտական է հենց «հայկական սոխակին»:

 


«Նա ամեն ինչ էր ինձ համար, նրա շնորհիվ ես ընդունվեցի օպերային թատրոն, նրա շնորհիվ ես կատարում էի բոլոր առաջնորդող դերերը, նրա շնորհիվ ես այսօր Կոնսերվատորիայի պրոֆեսորներից եմ: Նա ոչ միայն մեծագույն երգչուհի էր, այլ նաև մեծագույն մարդ: Ես հաճախ եմ նրան մինչև արցունքներս հիշում»,- ասաց նա և զարմանալի համարեց, որ մինչ օրս երգչուհու անվան փողոց չկա, նրա անվան տուն-թանգարան չի կառուցվել և առաջիկայում նման ծրագիր չկա:

 


Օլգա Զախարյանն ընդգծեց, որ Գոհար Գասպարյանի անունը ժամանակին թնդում էր ողջ աշխարհում, քանի որ ձայնային եզակի տվյալներ ուներ:

 


«Նրա ձայնը, յուրահատուկ տեմբր, քնարակոլորատուրային սոպրանո էր, ամենավերևի նոտաները նա այնքան պարզ էր կատարում, հանգիստ: Անմոռանալի են այն պահերը, երբ դասի ընթացքում ինքը անձամբ երգում էր ու սովորեցնում ճիշտ երգել, ցույց էր տալիս իր վարպետությունը: Նա միայնակ կարողանում էր մի ամբողջ ներկայացման պատկեր ստեղծել: Նրա նման տաղանդները ծնվում են 100 տարին մեկ անգամ, բայց կարծում եմ, որ Գոհար Գասպարյանի նմանը չի կրկնվի»,- ասաց նա:

 


Օլգա Զախարյանը պատմեց, որ երգչուհին Ճապոնիայում այնքան է սիրվել, որ հյուրախաղերի ժամանակ երկրպագուները պարբերաբար գողացել են նրա կոշիկները:

 


«Ճապոնիայում ընդունված է տուն ներս մտնելուց առաջ կոշիկները հանել: Նա էլ ամեն անգամ հանել է ու հետո տեսել, որ կոշիկները չկան: Նրան այնտեղ միանգամից սիրեցին և նրա շնորհիվ իմացան Հայաստանի մասին»,- ասաց նա:

 


Օլգա Զախարյանը հիշեց, որ իր սիրելի դասախոսը նաև լավ խոհարար ու դերձակ էր:

 


«Նա շատ համեղ էր պատրաստում, հատկապես՝ պասուց տոլմա, փախլավա, եգիպտական համեղ ուտեստներ, շատ հրաշալի էր նրա անուշապուրը, դա մի հրաշալի ուտեստ էր, քյուֆթան: Շատ լավ էր գործում, նստում էր բազմոցի մեջ ու սկսում էր գործել, իր բոլոր բեմական հագուստները ինքն իր ձեռքով էր կարում»,- ասաց նա: