Ե՛վ Էրիկը, և՛ Քրիստինեն արժանի են. Շուշան Պետրոսյանը գոհ է մրցանակաբաշխությունից
2013թ.-ի Հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը տարվա լավագույն երգիչ է ճանաչվել Էրիկը, երգչուհի՝ Քրիստինե Պեպելյանը, ինչը Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը համարում է հրաշալի ընտրություն:
«Երկուսն էլ շատ են աշխատել, իսկապե´ս աշխատել են: Տարվա ընթացքում երկուսի գործունեությանն էլ ծանոթ եմ, կարծում եմ՝ ճիշտ ընտրություն է եղել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ինքը գոնե` Էրիկին բազմիցս հանդիպել է օդակայաններում, երբ նա գնում էր հյուրախաղերի, ինչն արդեն շատ կարևոր գործոն է. երբ արտիստին կանչում են, նշանակում է՝ նա ցանկալի է. «Իսկ Քրիստինեն շատ տեսահոլովակներ ունեցավ այս տարի, նաև՝ հրաշալի մենահամերգ է ունեցել: «Հայաստանի ձայնը» նախագծում անընդհատ հանդիպում ենք, տեղյակ եմ, թե ինչպես է անցել նրա համերգը, տեղյակ եմ, թե ինչ տրամադրություն է տիրել դահլիճում, իսկապե´ս աղջիկն արժանի է»:
Շուշան Պետրոսյանը նաև ընդգծեց, որ ինքը շատ պահանջկոտ է, երբ զինվորի մասին նվիրված երգ են երգում: «Շատերը կան, որ երգում են ուղղակի՝ դա էլ երգելու համար: Իսկ Քրիստինեն մի երգ է ստեղծել, որը հուզական է գնահատվել ինձ համար»,-ասաց նա՝ նկատի ունելով երգչուհու «Հայ զինվոր» երգը:










