Մահացել է Հիչքոքի ֆիլմերի աստղ Ջոան Ֆոնտեյնը

09:32 • 16.12.13

Կալիֆոռնիայում (ԱՄՆ) 97 տարեկանում մահացել է դերասանուհի Ջոան Ֆոնտեյնը` Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերի աստղը, հայտնում է Associated Press-ը:

 

Ֆոնտեյնը համաշխարհային հռչակի էր արժանացել 1940-ին «Ռեբեկա» ֆիլմի էկրաններ դուրս գալուց հետո: Արդեն հաջորդ տարի դերասանուհին արժանանում է «Օսկարի»՝ Հիչքոքի «Կասկածանք» ֆիլմի համար:

 

«Օսկար»-ից հետո դերասանուհին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, սակայն կրկին փառքի հասնել նրան չի հաջողվել:

 

Կարիերայից բացի, Ֆոնտեյնը հայտնի է իր քրոջ` դերասանուհի Օլիվիա դե Հավիլենդի հետ իր թշնամանքով: Օլիվիան 2 «Օսկար» մրցանակ է ստացել իր կարիերայի ընթացքում: Ֆոնտեյնը նրան գերազանցել է իր ամուսնությունների թվով` 4 ընդդեմ 2-ի: