95-ամյա ռումինացին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենատարեց աշխատող դերասան
Ռումինիայի բնակիչ Ռադու Բելիգանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենատարեց աշխատող դերասան. նա թատերական բեմում ելույթ է ունենում ավելի քան 75 տարի, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Guinness World Records-ին։
Բելիգանի կարիերան սկսվել է 1937-ին։ Առաջին անգամ ռումինացի դերասանը բեմ է բարձրացել Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի բեմականացման մեջ։ Այդ ժամանակից ի վեր նա խաղացել է 80 պիեսներում, նկարահանվել 30 ֆիլմերում և մասնակցել տասնյակ հեռուստա- և ռադիոհաղորդումների։ Այժմ դերասանը հանդես է գալիս Բուխարեստի Ազգային թատրոնում։
Guinness World Records-ի փորձագետները Բելիգանին աշխարհի ամենատարեց թատերական դերասան են ճանաչել նոյեմբերի 29-ին, երբ նա 94 տարեկան 350 օրական հասակում 330-րդ անգամ բեմ է բարձրացել ֆրանսիացի դրամատուրգ Ժան Անույի «Եսասերը» պիեսի բեմականացման մեջ։










