Միության ղեկավարությունը պետք է փոխվի. Նկարիչների միության անդամ

12:47 • 16.12.13

Ամենակարևոր բացթողումը կարգապահության խախտումն է` Հայաստանի նկարիչների միության համագումարը տեղի է ունենում երեք տարի ուշացումով, սակայն այն պետք է տեղի ունենա երկու տարին մեկ: Իսկ ցանկացած կարգապահական խախտում վստահություն է կորցնում: Նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանը ՀՆՄ 18-րդ համագումարի ընթացքում լրագրողներին իր մտահոգությունները հայտնեց միության աշխատանքների մասին:

 

«Ես եղել եմ ՀՆՄ վարչության անդամ, սակայն վարչությունը որևէ հարց չի լուծում, այն միշտ ձևական բնույթ է կրում»,-ասաց Հաղթանակ Շահումյանը, ավելացնելով, թե ինքը չի ցանկանում դառնալ միության նախագահ, այդպիսի հավակնություններ չունի, բայց եթե առաջարկեն ինչ-որ կերպ օգտակար լինել միությանը, ապա ինքը պատրաստ է դրան:

 

«Կարծում եմ, որ միության ղեկավարությունը պետք է փոխվի: Բայց հասկանում եմ նաև այն մղումները, որոնցով մեր ընկերները ձգտում են պահպանել իրենց դիրքերը: Դա ունի իր պատճառաբանությունները: Անցյալ համագումարի ընթացքում պարոն Աղամյանը հայտարարեց, թե ծրագրեր ունի, և այլն, հիմա էլ է նույնը հայտարարում, բայց խոստումներից զատ որևէ իրական այլ բան մենք չենք տեսել»,-լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց Հաղթանակ Շահումյանը:

 

Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե Կարեն Աղամյանի առաջադրվելու դեպքում ինքն ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել, Հաղթանակ Շահումյանը պատասխանեց. «Դեմ եմ քվեարկելու»:

 

Հիշեցնենք, որ ընթանում է ՀՆՄ հերթական` տասնութերորդ համագումարը: