Ամենահայտնի մեքենաները` ֆիլմերից (լուսանկարներ)

20:00 • 17.12.13

Սիրված ֆիլմերի շնորհիվ հաճախ հայտնի են դառնում ո´չ միայն դերասանները, այլև՝ մեքենաները, որոնք էլ հաջողություն են բերում տվյալ ֆիլմին: Topnews.ru-ն ներկայացրել է ֆիլմերից հայտնի ամենանշանավոր մեքենաները:


Lotus Esprit


Lotus Esprit սպորտքարը հայտնի է «Ջեյմս Բոնդ» ֆիլմաշարի «Լրտեսը, որն ինձ սիրում էր» ֆիլմից: Ֆիլմում Ջեյմս Բոնդի դերակատար Ռոջեր Մուրը վարում էր սպորտային մեքենան ո´չ միայն ցամաքում, այլև՝ ջրի տակ: «Բոնդիանայի» 10-րդ մասի համար օգտագործվել են 6 Lotus Esprit մեքենաներ, որոնցից միայն մեկը դարձավ ստորջրյա, որն էլ 865 հազար դոլարով վաճառվել է աճուրդի ժամանակ:

 

 

 

Peugeot 406


Այս մեքենան ճանաչում է ձեռք բերել «Տաքսի» ֆրանսիական ֆիլմի շնորհիվ, որը համաշխարհային վարձույթում 200 մլն դոլար գումար է վաստակել: Հատկանշական է, որ ֆիլմաշարի առաջին մասում օգտագործվել է մի մեքենա, իսկ մյուսներում` մեկ այլ:

 

Chevrolet Nova 1970


Chevrolet Nova 1970 մոդելը հայտնի է Քվենտին Տարանտինոյի՝ 2007-ին նկարահանած «Մահվան ապացույց» ֆիլմից: Նկարահանումների ժամանակ ոչնչացվել են 4 մեքենաներ, որոնց թյունինգը իրականացվել է Տարանտինոյի մտահղացմամբ: Սյուժեի համաձայն` մեքենան միջոց է, որով սերիական մարդասպանը վերացնում է իր զոհերին:

 

Plymouth Fury 1958


Ամերիկացի ֆանտաստ գրող Սթիվեն Քինգի «Քրիստինա» գրքի էկրանավորման մեջ գլխավոր բացասական դերակատարությումը բաժին է ընկել հենց մեքենային: Հետաքրքրական է, որ 1958 թվականի արտադրությանը պատկանող բոլոր Plymouth Fury մոդելները եղել են դեղին գույնի, իսկ գրքի համաձայն՝ պետք է լինեին վառ կարմիր: Սթիվեն Քինգի խնդրանքով դրանք կարմիր գույնով են ներկվել:


Mercury Monterey 1950


Mercury Monterey 1950-ը «Կոբրա» ֆիլմի գլխավոր հերոսի մեքենան էր, որը Սիլվեստր Ստալոնեին էր պատկանում նաև՝ իրական կյանքում: 1994-ին նրա մեքենան առևանգել էին, որը վերադարձվել էր միայն դատական գործընթացի արդյունքում: