Nirvana-ն և Kiss-ը ընդգրկվել են Ռոք-ն-ռոլի փառքի սրահ
Nirvana և Kiss խմբերը կմտնեն Ռոք-ն-ռոլի փառքի սրահ 2014 թվականին: Սրահի նոր անդամների ցուցակում են հայտնվել նաև Պիտեր Գեբրիելը, Կետ Սթիվենսը, Լինդա Ռոնստադը և Hall and Oates դուետը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru–ն, նոր անդամների ընդունման արարողությունը կկայանա Նյու Յորքում ապրիլի 10-ին:
Nirvana-ն առաջադրվել է Փառքի սրահին, երբ անցել է խմբի առաջին ձայնագրությունից պարտադիր 25 տարի ժամկետը: Առաջին անգամ են նաև առաջադրվել Hall and Oates-ը և Լինդա Ռոնստադը, որը վերջերս դադարել է երաժշտությամբ զբաղվել Պարկինսոնի հիվանդության պատճառով:
Պիտեր Գեբրիելը, ում այժմ կընդունեն Սրահ որպես սոլո-կատարող, ավելի վաղ մտել է որպես Genesis խմբի անդամ:
Թվարկված կատարողներից բացի՝ Փառքի սրահը կճանաչի The Beatles-ի և The Rolling Stones-ի նախկին մենեջերների ձեռքբերումները: Այժմ լուսահոգի Բրայան Էպշտեյնը, ինչպես նաև Էնդրյու Լուգ Օլդեմը կստանան Ահմետ Էրտեգանի անվան մրցանակներ, որը կոչվել է Սրահի հիմնադիրներից մեկի անունով և հանձնվում է «կուլիսների հետևում» աշխատանքի համար:
Ակնառու երաժշտական վարպետության համար ևս մեկ հատուկ մրցանակ կստանա The E Street Band անսամբլը, որը համագործակցել է շատ երաժիշտների հետ:










