Ֆիլհարմոնիկ նվագախումբը երաժշտական տարին ավարտում է Հովհաննես Թոփչյանին ու Բարսեղ Թումանյանին նվիրված համերգներով

15:08 • 17.12.13

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 2013թ. երաժշտական տարին կամփոփի հայազգի երկու մեծանուն արտիստների՝ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին և օպերային երգիչ, բաս Բարսեղ Թումանյանին նվիրված հոբելյանական համերգ հանդիսություններով: Դեկտեմբերի 21-ին կկայանա Բարսեղ Թումանյանի ծննդյան 55-ամյակին և ստեղծագործական կյանքի 33-ամյակին նվիրված համերգ՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Բարսեղ Թումանյանը կկատարի Վերդիի, Մոցարտի, Չայկովսկու, Սպենդիարյանի, Բիզեի, Գունոյի և Մուսորգսկու ստեղծագործություններից:

 

Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյանին նվիրված համերգը:

 

Մաեստրո Չեքիջյանը, թեև արդեն 53 տարի է բեմում է, բայց շարունակում է հուզվել համերգից առաջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ այն արտիստը, որը համերգից առաջ ասում է, որ չի հուզվում՝ կամ ստում է, կամ հանգած հրաբուխ է:

 

Մաեստրոն պատմեց, որ այս տարի հյուրախաղերով եղել է Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում և տվել 96-րդ համերգը:

 

«Հույս ունեմ, որ մինչև անգամ 100-րդ համերգը կկարողանամ տալ այդ քաղաքում»,-ասաց նա:

 

Բարսեղ Թումանյանն էլ հույս հայտնեց, որ լավագույնս իրեն կդրսևորի բեմում: Իրեն ուղղված այն հարցին, թե ինչու մի շարք այլ օպերային երգիչների նման չի գնում ապրելու ու աշխատելու արտասահմանում, ինչը հնարավորություն կտար նաև մեծ գումարներ վաստակել, նա պատասխանեց.

 

«Հայաստանում ապրելը հերոսություն չէ: Հայաստանում ապրելը իմ կենսական պահանջն է: Միաժամանակ դրսում ապրելն էլ դավաճանություն չէ, բայց երբ արվեստագետը կայանում է դրսում, իր համար դժվար է ապրել Հայաստանում: Ես ինձ լավ եմ զգում այստեղ: Բայց միասին պետք է փորձենք այստեղ ակտիվացնել դասական կյանքը»,-ասաց նա: