Կոմպոզիտորների միությունն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ավելի սերտ կհամագործակցեն
Կոմոպոզիտորների միության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի միջև կա համագործակցություն, բայց 2014թ-ից կաշխատեն ավելի արդյունավետ. այսօր հրավիրված ասուլիսին ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը (ձախից առաջինը), ով ներկայացրեց համագործակցության առաջին համերգ-փառատոնը։
Ըստ նրա, կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն՝ նվիրված Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին։
Սերգեյ Սմբատյանը նշեց, որ թեև փառատոնը պետք է այսօր անցկացվեր (Արամ Խաչատրյանի համերգասրահում), բայց որոշվել է տեղափոխել հունվարի 23-ին։
Պատճառը հետաձգման ներկայացրեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը, ով նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայրը մահացել է և դրա պատճառով այսօրվա համերգը հետաձգվել է։
Ինչ վերաբերում է փառատոնին հայ կոմպոզիտորների աշխատանքի ընտրությանը, ապա Արամ Սաթյանը նշեց, որ միությունը պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ կաջակցի և այդ աշխատանքները կընտրի համատեղ գիտխորհրդի միջոցով։
«Կարևորը՝ լավ երաժշտություն հնչի։ Կցանկանայի, որ փառատոնը շարունակական լիներ, մյուս տարի ավելի շատ համերգներ լինեն փառատոնի շրջանակներում, անենք այն, ինչ պետք է անեն պորֆեսիոնալ երաժիշտները»,- ասաց նա։
Արամ Սաթյանը նաև նշեց, որ միությունը մեկ այլ փառատոն էլ կանցկացնի 2014-ի աշնանը, և այն կղեկավարի Սերգեյ Սմբատյանն իր երիտասարդական նվագախմբով։
Նա ասաց, որ հպարտ է միության երիտասարդ անդամներով։ «Երիտասարդական սեկցիայի մեջ 37 կոմպոզիտորներ են, որոնց մի մասն արտասահմանում է, նրանց պետք է ճանաչենք և իմանանք, թե ով են, քանի որ նրանք պատշաճ ներկայացնում են հայ դասական արվեստը»,- ասաց նա։
Լրագրողները պահանջեցին, որ ասուլիսի մասնակիցները երիտասարդ կոմպոզիտորների անուններ տան։ Արամ Սաթյանը սկզբում հրաժարվեց, քանի որ ասաց, որ չի ցանկանում առանձնացնել երիտարասարդներին։ Բայց լրագրողները պնդեցին և նա, այդուհանդերձ, մի քանի անուն նշեց։
«Եթե անուններ եք ուզում, ապա ես դա կարող եմ տալ՝ Արամ Հովհաննիսյան հինգ միջազգային մրցույթների դափնեկիր է, կարող եմ շարունակել ուղղակի չեմ ուզում առաձնացնել, Ակշելյան, Դավիթ Սաթյան, Էդմոն Մակարյան»,- թվարկեց նա։
Հարցին, թե Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն ինչպե՞ս է գնահատում երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները, վերջինս մեջբերեց իր դասախոսներից մեկի խոսքերը. «Կատարողի գործը կատարելն է, պատմությունը պետք է սիրի ստեղծագործողին։ Անուններ չեմ կարող տալ, որովհետև նրանք շատ են, իսկ դուք՝ որպես երաժշտություն սիրող, կարող եք նշել»,- ասաց նա։










